Այս պահին ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ, շատ մեծ պատասխանատվությամբ և հաճույքով կատարում եմ ՄԻՊ առաքելությունը, այլ մեկնաբանություն այս հարցի հետ կապված չեմ տալիս:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարի պաշտոնում իր հավանական նշանակման լուրերին:
Հարցին՝ ոլորտը շատ կտուժի՞, եթե Արփի Դավոյանը նշանակվի նախարար, Մանասյանն ասաց. «Կխնդրեմ այս հարցերի վերաբերյալ այլ հարցադրում չտաք, չեմ մեկնաբանելու»:
Մանասյանը նաև անդրադարձավ հունիսի 12-ին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում ոստիկանության կողմից ցուցարարների դեմ կիրառած հատուկ միջոցին, թե ի վերջո ինչ է կիրառվել:
Նա նշեց, որ պետական կառույցները պարտավոր են տրամադրել տեղեկություն ՄԻՊ-ին, ուստի և տրամադրել են և որ ՄԻՊ-ը տեղյակ է, թե ինչ միջոց է կիրառվել:
«Հարցի հիմնական խնդիրն այն է, որ գործ ունենք այս պահին ընթացող գործի քննության հետ քրեական վարույթի շրջանակներում, հետևաբար այդ համատեքստում հարցը նախաքննական գաղտնիքին վերաբերող հարց է, որի վերաբերյալ տեղեկատվություն ինձ ևս փոխանցվել է:
Ես հաղորդակցվել եմ գործընկերների հետ՝ թե ՆԳ նախարարության, թե քննչական համապատասխան մարմնի, համարում եմ, որ ճիշտ կլինի որ հանրությանը հասանելի դառնա այդ տեղեկությունը, երբ որ կունենամ այս հարցի վերաբերյալ արդյունքներ, բոլորին կտեղեկացնեմ:
Տեղեկատվությունը ես ունեմ, բայց նախաննքական գաղտնիքի հարց է»,- ասաց նա: