Հոկտեմբերի 5-ին Երևանում կայացավ Ռևմատոլոգների 8-րդ ազգային գիտաժողովը, որին «Վարդանանց» ՆԲԿ-ի հրավերով մասնակցեց ճանաչված ռևմատոլոգ, պրոֆեսոր Քսենոֆոն Բարալիակոսը:
Պրոֆեսոր Բարալիակոսը գլխավորում է Ռուրի ռևմատոլոգիայի գերազանցության կենտրոնը (Գերմանիա), EULAR-ի՝ Ռևմատիզմի դեմ պայքարի ռևմատոլոգիական լիգայի ընտրված նախագահն է։ Նա այժմ ընդգրկված է բոլոր հեղինակավոր ռևմատոլոգիական ամսագրերի խմբագրական կազմում։
Նշենք, որ ռևմատոլոգիան բժշկության ճյուղ է, որը զբաղվում է հոդերի, մկանների հիվանդություննների ախտորոշամբ և բուժմամբ:
Պրոֆեսոր Բարալիակոսը հանդես եկավ դասախոսությունների շարքով՝ նվիրված ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման ու բուժման նորագույն մեթոդներին։
«Իմ թեման սպոնդիլոարթրիտն է: Դա մեջքի ցավն է, մի գանգատ, որ չափազանց տարածված է ընդհանուր բնակչության և հատկապես երիտասարդների շրջանում: Մենք փորձում ենք իրազեկել ընտանեկան բժիշկներին, ռևմատոլոգներին, ռադիոլոգներին, թե ինչպես վաղ ախտորոշել այս հիվանդությունը և սկսել բուժումը: Կարևոր է հաշվի առնել, որ սպոնդիլոարթրիտը իրականում մեծահասակների հիվանդություն չէ ինչպես հաճախ կարծում են ռևմատոլոգիական հիվանդությունների մասին խոսելիս»,- լրագրողների հետ զրույցում նշեց Բարալիակոսը:
Նրա խոսքով՝ այս բոլոր քննարկումների առանցքային թեման այն է, թե ինչպես կրթել ընտանեկան բժիշկներին, ռադիոլոգներին, գուցե նույնիսկ օրթոպեդներին և, իհարկե, ռևմատոլոգներին՝ հիվանդությունը վաղ փուլերում ճիշտ ախտորոշելու համար:
Բարալիակոսը ընդգծեց՝ ուրախ կլինի, եթե այս միջոցառումը Ռևմատոլոգիայի Ազգային Ասոցիացիայի և այստեղի ռևմատոլոգների հետ՝ միջազգային նախագծերի շրջանակներում համագործակցման խթան հանդիսանա, ինչպես նաև Հայաստանում բարձրացնի ռևմատոլոգիայի ոլորտում իրազեկվածության և պրոֆեսիոնալիզմի մակարդակը:
«Վարդանանց»-ի ռևմատոլոգիական ծառայության ղեկավար Մագդա Օսիպյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց, որ այս համագործակցությունը մեծ հնարավորություն է կլինիկայի համար՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան ռևմատոլոգիական ծառայություն ստեղծելու, ինչպես նաև ի դեմս լավագույն մասնագետ պրոֆեսոր Բարալիակոսի՝ ունենալու որպես հեռահար կոնսուլտանտ:
«Նա մասնակցելու է տարբեր բարդ կլինիկական դեպքերի քննարկմանը։ Սա մեծ հնարավորություն է նաև մասնակցել գիտահետազոտական աշխատանքներին, որոնք ոչ պակաս կարևոր են ռևմատոլոգիայի հետագա զարգացման համար, և, կարծում եմ, կբերեն մեծ առաջընթացի ոչ միայն «Վարդանանց»-ում, այլ նաև ամբողջ Հայաստանում»,- շեշտեց Մագդա Օսիպյանը:
Նշենք նաև, որ Քսենոֆոն Բարալիակոսի այցի արդյունքում՝ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը պլանավորում է երկարատև համագործակցություն, ներառյալ՝ փորձի մշտական փոխանակում և բարդ կլինիկական դեպքերի վերաբերյալ հեռահար խորհրդատվությունների իրականացում։
Սա հնարավորություն կտա կենտրոնին շարունակաբար կիրառել ռևմատոլոգիական հիվանդությունների բուժման միջազգային փորձը։ Հատկապես, որ «Վարդանանց»-ում արդեն իսկ հաջողությամբ ներդրված է ծառայությունների համակարգ, որտեղ յուրաքանչյուր փուլ՝ սկսած հետազոտությունից, ախտորոշումից մինչև բուժում, իրականացվում է մեկ վայրում՝ ապահովելով բուժման արդյունավետությունն ու բուժառուների հարմարավետությունը: