Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան շնորհակալություն է հայտնել Մարզական արբիտրաժային դատարանի (CAS) արբիտրներին՝ իր դոպինգի կանոնների խախտման պատճառով պարտադրված որակազրկման ժամկետը կրճատելու համար:
Անցյալ տարի հայտնի դարձավ, որ Պոգբայի թեստոստերոնի դոպինգ-թեստը դրական արդյունք էր տվել։ Հետագայում բացվեց նաև «Բ» փորձանմուշը, որը նույնպես դրական էր։ Փետրվարին Պոգբան որակազրկվեց չորս տարով։ Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, լրատվամիջոցները հաղորդեցին, որ CAS-ը կրճատել է ֆրանսիացու որակազրկման ժամկետը՝ դարձնելով այն մինչև 18 ամիս։ Ֆուտբոլիստը կկարողանա սկսել մարզվել գալիք տարվա հունվարին, իսկ խաղալ՝ մարտից:
«Վերջապես մղձավանջն ավարտվեց: Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ կրկին կկարողանամ հետևել իմ երազանքին: Ես միշտ հայտարարել եմ, որ երբեք գիտակցաբար չեմ խախտել Հակադոպինգային համաշխարհային գործակալության (WADA) կանոնները, երբ օգտագործել եմ բժշկի կողմից ինձ նշանակված սննդային հավելումը, որը չէր ազդում մարզական արդյունքների վրա և չէր բարելավում դրանք։
Ես խաղում եմ արդար, սակայն պետք է ընդունեմ, որ սա խախտում է, որը ենթադրում է խիստ պատասխանատվություն։ Ցանկանում եմ պաշտոնապես շնորհակալություն հայտնել CAS-ի դատավորներին, ովքեր լսեցին իմ բացատրությունները։ Սա իմ կյանքում չափազանց մտահոգիչ շրջան էր, որովհետև այն ամենը, հանուն որի ես այդքան շատ աշխատել էի, կանգ էր առել»,- ասվում է Պոգբայի հայտարարության մեջ, որը հրապարակել է BBC-ն։
Պոգբան 31 տարեկան է, նա Ֆրանսիայի կազմում աշխարհի չեմպիոն և Ազգերի լիգայի հաղթող է դարձել: «Յուվենտուսի» կազմում նա դարձել է Իտալիայի քառակի չեմպիոն, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթել է Եվրոպայի լիգան: