Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է օրենքը, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը երկրում: Պապուաշվիլիի այս մասին գրել է ֆեյսբուքյան էջում:
Նախօրեին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել էր ստորագրել այս օրենքը, և այն հետ էր ուղարկել խորհրդարան:
«Օրենքը, որը ես ստորագրում եմ, չի արտացոլում ընթացիկ, ժամանակավոր, փոփոխվող գաղափարներն ու գաղափարախոսությունները, այլ հիմնված է ողջախոհության, պատմական փորձի և դարավոր քրիստոնեական, վրացական և եվրոպական արժեքների վրա»,- ասվում է հայտարարությունում։
Նա խորհրդանշական է որակել, որ «անպետք ընդդիմության առաջնորդը»՝ ի դեմս Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, հրաժարվում է ստորագրել օրենքը, որը պաշտպանում է «մարդու համար ամենաթանկը՝ ընտանիքն ու երեխաները»։
«Այս մերժումը հստակ ցույց է տալիս, թե որտեղ է կանգնած Սալոմե Զուրաբիշվիլին, և որտեղ են նրա թիկունքում թաքնված ապազգային ընդդիմադիրները, որոնք չհամարձակվեցին բացահայտորեն արտահայտել իրենց կարծիքն այս օրենքի վերաբերյալ և օրենքի քվեարկության ժամանակ ամոթալի կերպով փախան դահլիճից»,- հավելել է նա։
Պապուաշվիլին խոստովանել է, որ օրենքի հաստատումը կհանգեցնի որոշ օտարերկրյա գործընկերների քննադատությանը:
«Սակայն մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել ուրիշների գնահատականներից», - նշել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։
Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերին ընդունել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր։ Ընդդիմադիր կուսակցությունների խորհրդարանականները քվեարկությանը չեն մասնակցել։ Օրինագծի հեղինակներն իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներն են: Օրինագիծը ներառում է միասեռ ամուսնությունների, սեռափոխության, միասեռական անձի կամ զույգի կողմից երեխայի որդեգրման, ինչպես նաև ԼԳԲՏ թեմաների հանրահռչակման նպատակով հավաքների, ցույցերի անցկացման արգելք: Հեռուստատեսությամբ արգելվելու են ինտիմ միասեռական տեսարանները։