ՍԴ-ն կատարել է մի կարևոր եզրակացություն, որը ես դրական եմ համարում, այն է՝ Սահմանադրության նախաբանը որպես անփոխարինելի հոդված չի կարող որևէ մեկը փոփոխության ենթարկել՝ այդ թվում ժողովուրդը որն ընդունել է:
Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՍԴ կողմից «ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու ԱՀ և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը Սահմանադրության համապատասխանելու որոշմանը:
«Այսինքն, ինքնասահմանափակման կանոնն է դրված, որը նորմալ է, բայց երբ ինքը փորձում է մեկնաբանել, թե իբր այն ինչն իրացված չէ Սահմանադրության մեջ չի կարող դառնալ մեզ համար ուղորդող գործողություն, դա արդեն մանիպուլացիա է»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ սրանով փորձում են քողարկել այն գործընթացները, որոնք ապագայում հնարավոր է, որ ձևակերպվեն խաղաղության պայմանագրի անվան տակ կամ՝ այլ փաստաթղթի:
«ՍԴ-ն չի անդրադարձել կարևորագույն մեկ հարցի. այս կանոնակարգով սահմանների օպտիմալացման հնարավորություն է տրվում: Օպտիմալացում նշանակում է սահմանագծի փոփոխություն, ինչը Սահմանդրության համաձայն հանրաքվե է պահանջում, հետևաբար, ՍԴ-ն պետք է ասեր՝ այս Կանոնակարգը ենթակա է հանրաքվեով հաստատման»,- նշեց պատգամավորը:
Մինասյանը հիշեցրեց՝ քանի որ ունենք նախադեպ, որ Շուռնուխից և Կիրանցից մեր իրավազորության տակ գտնվող տարածք է հանձնվել, պետք է այս կանոնակարգը անցներ հանրաքվե: «Դա հակաօրինական, հակապետական, հակասահմանադրական քայլ է, իրավունք չունի ԱԺ-ն նման փաստաթուղթ վավերացնի:
Այն պարտավոր է հանրաքվեի գնալ, հակառակ դեպքում իշխանական ուզուրպացիայի ևս մի օրինակ է սա դառնալու: ՍԴ-ն քողարկել է այն զիջումները, որոնք առաջիկայում հնարավոր է, որ ներկայացվեն Հայաստանին», ընդգծեց նա: