Ավելի քան 100 մարդ է զոհվել և անհետ կորել է Վիետնամում մոլեգնող «Յագի» թայֆունի հետևանքով: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է Վիետնամի լրատվական գործակալությունը։
Թայֆունը հարվածել է երկրի հյուսիսային հատվածին։ Այն համարվում է ընթացիկ տարում Ասիայում մոլեգնած ամենահզոր թայֆունը:
Վիետնամի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարարության ամբարտակների կառավարման և աղետների կանխարգելման վարչության տվյալներով՝ սեպտեմբերի 10-ի առավոտվա դրությամբ կա 65 զոհ և 39 անհետ կորած:
Հեղեղումների բարդ իրավիճակի պատճառով մի քանի շրջաններում դեռևս չկա հաղորդակցություն, ուստի զոհերի, անհետ կորածների և վիրավորների թիվը կարող է շարունակել աճել։ Սաստիկ աղետի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացածների թիվը, վերջին տվյալներով, 752 է։