SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ պարզվել է, որ ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգումը կազմակերպել է շաբաթներ առաջ Ամերիկայի Միացյալ նահանգներից Հայաստան վերադարձած Երևանի բնակիչ 37-ամյա Վաչե Ի․-ն, ով ստեղծել է խումբ և համագործակցել նրանց հետ։
Խմբի մեջ են եղել Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Մ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Արծրուն Օ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 48-ամյա Արկադի Պ․-ն , Երևանի բնակիչ 41-ամյա Արտյոմ Մ․-ն։
Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Քննչական բաժինը հսկայածավալ, մանրակրկիտ գործողությունների արդյունքում պարզել են որտեղ են գտնվում կասկածյալները և սեպտեմբերի 8-ին, Իսակովի պողոտայում հայտնաբերում են Վաչե Ի․-ին, Ռոբերտ Մ․-ին և Արծրուն Օ․-ին, ովքեր եղել են «BMW» մակնիշի ավտոմեքենայով։
Վերջիններս անձի առևանգում կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվում և տեղափոխվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։
Նույն օրը Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի վարչական տարածքում գտնվող շինություններից մեկում ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել են Արտյոմ Մ․-ին և պարզվել է, որ հենց այդ շինության մեջ են առևանգված կնոջը պահել, իսկ կարճ ժամանակ անց Ոսկեպար գյուղում հայտնաբերել, վնասազերծել և ձերբակալել են Արկադի Պ․-ին, իսկ գյուղում էլ կարողացել են հայտնաբերել առևանգվածին և նրան ավտանգ տեղափոխել են Երևան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ առևանգողները առևանգված կնոջ ամուսնուց սկզբից պահանջել են 4 մլն ԱՄՆ դոլար փրկագին, հետո բանակցությունների արդյունքում այն դարձել է 2 մլն, իսկ երբ ամուսինը ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան, ժողովրդի լեզվով ասած բարիշել են 800 հազար դոլարի շուրջ, սակայն մինչ ամուսինը, ով իդեպ համաձայնվել է գումարը վճարել, ոստիկանները նրանից ավելի օպերատիվ ու պրոֆեսիոնալ են գտնվել։
Բռնել են կազմակերպչին ու մասնակից նշված անձանց։
1 հոգի, ով Երևանի բնակիչ 38-ամյա Արմեն Ն․-ն, որոնվում է։ Պարզվել է, որ ԱԱԾ-ի կեղծ համազգեստով եղածներից մեկը հենց նա է եղել։
Նշված անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։
Ոստիկանությունը որոնում է Արմեն Ն․-ին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայության կեղծ համազգեստով առևանգում էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 12։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում գործող «SAN MARCO» լողավազանի մոտ 2 հոգի, ովքեր եղել էին Ազգային անվտանգության տարբերանշանով հագուստով, մոտեցել էին Երևանի բնակչուհի 55-ամյա Լուսինե Մ․-ին, ներկայացել էին որպես ԱԱԾ աշխատակիցներ և նրան «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել էին անհայտ ուղղությամբ։