«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բուլղարիայում մի քանի օր շարունակ պահված և ֆիզիկական բռնության ենթարկված ՀՀ քաղաքացիները դիմել են ՀՀ արտգործնախարարություն։
«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի անգամ ահազանգել է, որ վերջին շրջանում Բուլղարիան խտրական և անբարեհաճ վերաբերմունք է ցուցաբերում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։
Հանգստի նպատակով Բուլղարիա մեկնած Հայաստանի քաղաքացիներին, որոնք մուտքի արտոնագիր են ունեցել, արգելել են մտնել այդ երկիր։
Ավելին՝ մայրաքաղաք Սոֆիայի օդանավակայանում նրանց ձերբակալել են և տեղափոխել հատուկ պահման վայր, որտեղ սարսափելի սանիտարական պայմաններ են եղել, իսկ ոստիկանները խիստ վատ վերաբերմունք են ցուցաբերել նրանց նկատմամբ, անգամ ֆիզիկական բռնություն են գործադրել, թույլ չեն տվել սնունդ գնել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս իրավիճակից տուժած քաղաքացիները դիմել են ՀՀ ԱԳՆ՝ պարզաբանելով, որ Բուլղարիայի դեսպանատան խիստ անբարեհաճ գործելաոճի պատճառով իրենք թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, թե՛ ֆինանսապես տուժել են։
Քաղաքացիները հետաքրքրվել են, թե ինչպես պետք է հատուցում ստանան իրենց կորուստների դիմաց և ինչպես պետք է վերականգնվեն խախտված իրավունքները:
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով դիմեց ՀՀ ԱԳՆ խոսնակին՝ պարզելու, թե այս մասով ՀՀ ԱԳՆ-ն ի՞նչ է արել:
Ի պատասխան մեր հարցին՝ ԱԳՆ-ից հետեւյալ պատասխանն են տվել. «Անդրադարձ լինելու պարագայում՝ կտեղեկացնենք»: Պատասխանից կարող ենք ենթադրել, որ ԱԳՆ-ն դեռեւս ոչինչ էլ չի ձեռնարկել:
Դիմեցինք նաեւ Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին՝ պարզելու՝ փորձե՞լ է կապ հաստատել Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանի հետ խնդիրը պարզաբանելու եւ որեւէ լուծում տալու համար. Բաբկեն Թունյանն ասաց, որ անձնական, առողջական խնդիրների պատճառով չի հասցրել զբաղվել այդ հարցով:
Ասել է թե՝ ՀՀ քաղաքացիներն անպաշտպան վիճակում են»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։