«Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է այն հարցին, թե երբ է նախատեսում ավարտել ֆուտբոլային կարիերան։ Նրա խոսքով, դա կարող է տեղի ունենալ երկու-երեք տարի հետո, սակայն ինքը դեռ հստակ ժամկետ չի կարող նշել։ Ռոնալդուն նաև նշել է, որ պատրաստ է խաղակոշիկները կախել որպես «Ալ-Նասրի» խաղացող, քանի որ իրեն դուր է գալիս այդ ակումբի ու երկրի հետ կապված ամեն ինչ։
«Ես չգիտեմ, թե երբ թոշակի կանցնեմ՝ երկու կամ երեք տարի հետո… Բայց ես հավանաբար կարիերաս կավարտեմ այստեղ՝ «Ալ-Նասրում»: Ես շատ երջանիկ եմ այս ակումբում, ինձ լավ եմ զգում այս երկրում։ Ես ուրախ եմ Սաուդյան Արաբիայում խաղալու համար և ցանկանում եմ շարունակել»,- ասել է Ռոնալդուն NOW-ի եթերում՝ Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ:
39-ամյա հարձակվողը «Ալ-Նասր» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը խզելուց հետո։ Անցած մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում սաուդյան ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում, խփել 44 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։
Նախկինում Կրիշտիանուն հանդես է եկել «Սպորտինգում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում» և «Յուվենթուսում»: Նա հինգ հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում։