Սևանա լճի օրը հաստատվել է 1999 թ․ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից՝ նպատակը լճի պահպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է։
Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Յուրաքանչյուր տարվա օգոստոսի վերջին կիրակին կրկին անգամ հիշեցնում է, որ Սևանա լիճն ուղղակի հանգստավայր չէ, այլ էկոհամակարգ, որն ունի պահպանված լինելու կարիք։
Սևանը երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող բարձրադիր եզակի լճերից է: Այն իր ջրհավաք ավազանով մի ինքնատիպ էկոհամակարգ է, որի համար բնորոշ է բացառիկ կենսաբազմազանությունը։ Սևանի ջրհավաք ավազանի միասնական էկոհամակարգը զբաղեցնում է հանրապետության տարածքի մոտ 17%-ը։
Կեղտաջրերի հոսքը դեպի լիճ, այդ թվում՝ կոմունալ կենցաղային, գյուղատնտեսական և ռեկրեացիոն գոտիների կեղտաջրերի արտահոսքերը, ձկնագողությունը, օրգանական նյութերի առկայությունն առափնյա տարածքներում, որտեղ անտառային գոտիները հայտնվել են ջրի տակ, բարձր ջերմաստիճանն ու կլիմայի փոփոխությունները նպաստել են լճի էկոլոգիական վիճակի վատթարացմանը:
Այսօր Սևանն ունի յուրաքանչյուրիս հոգածության կարիքը։ Մաքուր պահելով լճափն ու լիճ թափվող գետերը, կանխելով ձկնագողությունն ու ձկնապաշարի անխնա սպառումը, միահամուռ ուժերով հնարավոր կլինի փրկել Սևանը։