Իրանն իր հիմնական սկզբունքներից է համարում պատերազմից խուսափելը և համաշխարհային խաղաղության ու անվտանգության հաստատումը, սակայն երբեք չի լռի իր շահերի և անվտանգության ոտնահարման դեպքում. այս մասին Tasnim գործակալության փոխանցմամբ ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզշքիանը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում։
«Իրանը, միջազգային պայմանագրերի և օրենքների շրջանակներում, երբեք չի լռի իր շահերի և անվտանգության ոտնահարման առջև։ Սիոնիստական ռեժիմը Գազայի ժողովրդի դեմ իր հանցավոր և ահաբեկչական գործողություններով, ինչպես նաև պաշտոնապես Իրանի հյուրի՝ Իսմայիլ Հանիեի սպանությամբ, ձգտում է տարածաշրջանում հրդեհ բռնկել», - ասել է Փեզեշքիանը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն և արևմտյան երկրները դատապարտելու փոխարեն աջակցում են Իսրայելին հանցագործությունների, ցեղասպանությունների և ահաբեկչությունների իրականացման գործում։
«Եթե Ամերիկան և արևմտյան երկրները իսկապես ցանկանում են կանխել պատերազմն ու անկայությունը տարածաշրջանում, նրանք պետք է ստիպեն այս ռեժիմին դադարեցնել ցեղասպանությունն ու հարձակումները Գազայի վրա և ընդունեն հրադադարը», - ասել է Իրանի նախագահը:
Նշենք, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից:
Իրանը, նրա լիբանանյան դաշնակից «Հեզբոլլահ»-ը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում են չորեքշաբթի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար: Նրա սպանությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բեյրութում Իսրայելի հասցրած հարվածից սպանվել էր «Հեզբոլլահ»-ի ռազմական ղեկավար Ֆուադ Շուքրին: Իսրայելը ստանձնել է Շուքրի սպանության պատասխանատվությունը, սակայն պաշտոնապես չի մեկնաբանել Հանիեի սպանությունը: Թե՛ Իրանը, թե՛ «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել սպանությունների համար:
Այս համատեքստում Իսրայելի անվտանգության կառույցները գտնվում են «ամենաբարձր զգոնության» վիճակում, իսկ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի անդամները, ներառյալ Մեծ Բրիտանիան և արաբական դաշնակից երկրները, որոնք նպատակ ունեն խափանել Իրանի հնարավոր հարձակումները, փորձում են զսպել և կասեցնել դրանք: