Լեգենդար կինոռեժիսոր Դեյվիդ Լինչի մոտ ախտորոշվել է թոքերի լայնացում (թոքերի էմֆիզեմա): Նա այս մասին ասել է Sight & Sound ամսագրին՝ մանրամասնելով, որ հիվանդության պատճառով տնից դուրս չի գալիս և այլևս հնարավորություն չունի անձամբ ներկա գտնվել նկարահանման հրապարակում:
Ինչպես գրում է dailymail.co.uk-ը, 78-ամյա կինոռեժիսորն անկեղծորեն խոստովանել է, որ վստահ չէ, թե արդյոք երբևէ նորից կկարողանա ֆիլմ նկարահանել:
Լինչի խոսքով՝ հիվանդությունը, որն առաջացնում է շնչահեղձություն, առաջացել է «այդքան երկար ծխելու պատճառով»:
«Ես փակված եմ տանը՝ ուզեմ, թե չուզեմ։ Ես չեմ կարող դուրս գալ: Ես կարող եմ քայլել միայն մի փոքր տարածության վրա, մինչև թթվածինս կսպառվի: Ծխելը մի բան էր, որը ես չափազանց շատ էի սիրում, բայց ի վերջո դա ինձ վնասեց: Դա սպանում է ինձ, ուստի ես ստիպված էի թողնել այդ սովորությունը», - նշել է Լինչը։
Թեև հիվանդությունը նրան խանգարել է անձամբ աշխատել նախագծերի վրա, սակայն Լինչը լիովին չի բացառում ապագայում ռեժիսորի աշխատանքով կրկին զբաղվելու հնարավորությունը։
«Ես կփորձեմ դա անել հեռակա կարգով», - նշել է նա։
Դեյվիդ Լինչը հեղինակային կինոյի ամենակարևոր ռեժիսորներից է։ Նրա ֆիլմերը հաճախ սյուրռեալիստական են: Լինչը «Թվին Պիկս» սերիալի ստեղծողն է, որը սկիզբ դրեց հեռուստասերիալների ժամանակակից վերելքին: Նրա մյուս հայտնի գործերն են «Մալհոլանդ Դրայվ»-ը, «Մարդ փիղ»-ը և «Կապույտ թավիշ»-ը: Լինչը «Օսկար»-ի, «Ոսկե արմավենու ճյուղ»-ի և «Ոսկե առյուծ»-ի դափնեկիր է։