ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ամսաթվի և օրակարգի համաձայնեցման գործընթացը շարունակվում է, Անկարան ակնկալում է, որ կընդունի Ռուսաստանի ղեկավարին ամենամոտ հեռանկարում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։
«Մենք հուսով ենք, որ այս այցը տեղի կունենա շատ մոտ ապագայում։ Երկու առաջնորդների միջև բանակցությունների ամսաթիվն ու օրակարգը ներկայումս համաձայնեցվում են», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարի՝ Թուրքիա այցի մոտավոր ամսաթիվ դեռևս հայտնի չէ։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի այցը Թուրքիա վաղուց է նախապատրաստվում, մնում է միայն դիվանագիտական ուղիներով համաձայնեցնել աշխատանքային այցի ժամկետները։ Նա նաև ընդգծել էր, որ օրակարգում շատ հարցեր կան։