«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին իշխանական մի խմբով նիստ է գումարվել, որի ընթացքում քննարկվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հեռացման հարցը։
Հայտնի է, որ տեւական ժամանակ է, ինչ իշխանությունները դժգոհ են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատանքից, փորձում են գտնել այնպիսի մեկին, ով կփոխարինի մասնագիտությամբ իրավաբան առողջապահության ոլորտի գլխավոր կազմակերպչին՝ նախարարին։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ նիստի ժամանակ քննարկվել է Ավանեսյանին փոխարինողի պաշտոնում ընտրել նրա տեղակալ Լեւոն Հակոբյանին:
Նշենք, որ առողջապահության նախարարի տեղակալ Լեւոն Հակոբյանը տեղակալի իր հաստիքին նշանակվել է 2019 թվականի մարտի 25-ին, սակայն, մինչեւ տեղակալ աշխատելը, իր գործունեությունը սկսել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից։ Թիվ 5 պոլիկլինիկայում վերջինս եղել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ողջ օրվա ընթացքում փորձեց պարզել այս տեղեկությունը հենց Լեւոն Հակոբյանից, սակայն վերջինիս աշխատասենյակի հեռախոսազանգերին այդպես էլ որեւէ մեկը չպատասխանեց:
Նույն հարցով դիմեցինք նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանին, որը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ մի տեղեկություն չունի, եւ այս պահին ընթանում է բնականոն աշխատանք՝ նախարար Ավանեսյանի գլխավորությամբ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։