Ազգային ու պետական գործիչ Դրաստամատ Կանայանին բախտ էր վիճակված ապրելու հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական ու ճակատագրական ժամանակներում: Դրոն հայդուկային շարժման այն եզակի աստղերից էր, որ ծնունդով ոչ թե Արևմտյան Հայաստանից էր, այլ Ռուսական կայսրության կազմում գտնվող Արևելյան Հայաստանից՝ Սուրմալու գավառի Իգդիր քաղաքից: Դեռ պատանեկան հասակում անդամագրվելով ՀՅԴ-ին՝ Դրոն ամբողջ կյանքում մնաց հավատարիմ դաշնակցական, ազգի և պետության նվիրյալ:
Ըստ պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանի՝ 1905թ.-ին հայ-թաթարական բախումներ հրահրած և դրա հետևանքով հայ բնակչությանը ծանր զրկանքների մատնած Բաքվի նահանգապետ Միխայիլ Նակաշիձեի ոչնչացումը «Նեմեսիս» գործողության նախերգանքն էր, որը տակավին երիտասարդ Դրոն իրականացրել է կուցակցական հանձնարարությամբ: Այնուհետև լրջագույն դերակատարություն է ունեցել Արևմտյան Հայաստան, մասնավորապես՝ Բայազետի գավառ հայդուկներին զենք-զինամթերք մատակարարելու գործում: Արդեն Առաջին աշխարհամարտի տարիներին Ռուսական Կովկասյան բանակի հայ կամավորական ջոկատների կազմավորման և ղեկավարման գործընթացում է ընդգրկվել:
Պատմական գիտությունների թեկնածու Հովիկ Գրիգորյանը նշում է, որ 1918-ին հռչակված Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման և ամրապնդման գործում անուրանալի է Դրաստամատ Կանայանի դերակատարությունը: Նա ահռելի ծառայություններ է մատուցել հանրապետության արտաքին սահմանների ամրապնդման, բանակաշինության, ներքին կայունության ապահովման, Նախիջևանի, Զանգեզուրի, Արցախի ուղղություններով ռազմաքական գործողությունների, նաև 1919թ.-ին Լոռիում վրացական ռազմական ագրեսիան կասեցնելու և վրացական բանակը ջախջախելու գործերում:
Ըստ պատմաբան, լրագրող Անի Հակոբյանի՝ Դրոյի ռազմական ու կազմակերպչական տաղանդի շնորհիվ էր, որ 1918-ի մայիսին թուրքական բանակն Ապարանում ջախջախվեց ու բերանքսիվայր նահանջեց՝ մտքից հանելով հյուսիսից՝ Արագածի փեշերով դեպի Արարատյան դաշտ ու Երևան արշավելու ծրագրերը:
Հայության թշնամիների ահուսարսափի՝ Դրաստամատ Կանայանի գործունեության կարևորագույն դրվագներին նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.