Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը, որի համաղեկավարներն են հայկական կողմից՝ պատմական գիտությունների թեկնածու, հնագետ Միքայել Բադալյանը, իսկ ֆրանսիական կողմից՝ Ստեֆան Դեշամպը, մայիս-հունիս ամիսներին Էրեբունի ամրոցում պեղումներ է իրականացրել եւ ֆանտաստիկ արդյունքներ գրանցել:
Aravot.am-ի հետ զրույցում Միքայել Բադալյանը հայտնեց, որ պեղումներն իրականացրել են եւ ամրոցում, եւ ամրոցից դուրս, ընդ որում ամրոցից դուրս պեղումները շարունակվել են նախորդ տարվա տեղամասում, որտեղ գտնվել էին Աքեմենյան ժամանակաշրջանի հատակներ:
«Գտնվեցին կավածեփ հատակներ, կենդանական ոսկորներ, խեցեղենի մնացորդներ, ածխի ու կառույցի հետքեր: Սա փաստում է, որ հետուրարտական փուլում այդտեղ բավական լուրջ կենսագործունեություն ունենք: Ամրոցի տարածքում պեղումներն իրականացվել են Սուսի տաճարի շուրջ գտնվող սենյակներում եւ այսպես կոչված՝ փոքր դահլիճում ու այդ դահլիճին կից կարասային սրահում, որը մասամբ պեղվել էր խորհրդային ժամանակաշրջանում:
Ես հատկապես ուզում եմ անդրադառնալ կարասային սրահում իրականացված պեղումներին, որովհետեւ այստեղ երկու կարասների միջից գտնվել են սեպագիր արձանագրություններ, որոնք պարունակում են տարողության միավորներ: Հետաքրքիր էր տարողության միավորներից մեկը. կարասի բեկորի վրա գրված էր արուսի, իսկ արուսին հազվադեպ հանդիպող միավոր է, եւ արուսի ձեւով մենք ընդամենն ունեինք 3 կարասի բեկոր, որոնք ժամանակին գտնվել էին Հայկաբերդից՝ Արեւմտյան Հայաստանից: Սա Հայաստանի Հանրապետության տարածքից գտնված արուսի տարողության միավոր պարունակող առաջին արձանագրությունն է: Ընդ որում՝ մեկ արուսին հավասար է մոտավորապես 1,5 լիտրի:
Արշավախմբի կողմից գտնվել է մեկ այլ կարասի բեկոր, որի վրա գրված էր 5 ակարկի եւ 6 (հավանաբար տերուսի): Մեկ ակարկին հավասար է 250 լիտրի, իսկ մեկ տերուսին՝ ակարկիի մեկ տասներորդն է: Վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում հնագիտական պեղումների արդյունքում սեպագիր հայտնաբերվել էր 2011թ՝ կրկին Էրեբունից: 10 տարուց ավել Հայաստանում սեպագիր չէր գտնվել»,-հայտնեց հնագետը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։