Xiaomi չինական կորպորացիայի գործադիր տնօրեն Լեյ Ջունը Weibo-ում հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Պեկինում գտնվող նոր սերնդի սմարթֆոնների արտադրության գործարանը շուտով շահագործման կհանձնվի։
Ինչպես գրում է gizmochina.com-ը, այն լինելու է, այսպես կոչված, «մութ գործարան», որը կարող է աշխատել 24 ժամ առանց մարդկանց։ Բացի այդ, գործարանում կիրառվելիք սարքերը կարող են փոխգործակցել միմյանց հետ։
Գործարանում արտադրական որակը կվերահսկվի ինքնուրույն մշակված խելացի մեքենաների միջոցով։ Նշվում է, որ գործարանում հնարավոր կլինի վայրկյանում մեկ սմարթֆոն արտադրել:
Ըստ Լեյ Ջունի հրապարակած տեսահոլովակի՝ խելացի գործարանը պարզապես փոքր քայլ է Xiaomi-ի համար՝ բացահայտելու ապագան, որը նոր է սկսվել:
Հաղորդվում է, որ Xiaomi-ն 2,4 միլիարդ յուան է ներդրել նոր արտադրական գործընթացի զարգացման համար: Չանփին թաղամասի նոր գործարանը զբաղեցնում է 81,000 քառակուսի մետր շինարարական տարածք։ Այն նաև հավաստագրվել է որպես «ազգային խելացի արտադրական հենանիշային ձեռնարկություն», որի տարեկան արտադրական հզորությունը կկազմի 10 միլիոն սմարթֆոն:
Այս գործարանը կզբաղվի նոր ծալովի հեռախոսների՝ Xiaomi MIX Fold 4-ի և Xiaomi MIX Filp-ի արտադրությամբ: