Ես ամեն ինչին էլ միշտ սպասում եմ, վճիռը չկա դեռ, այն կլինի մեր ձեռքում, կծանոթանանք, կանենք պաշտոնական հայտարարություն:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն՝ անդրադառնալով հարցին՝ սպասելի էր արդյոք իր համար դատարանի որոշումը:
«Դատարանը նրա համար է, որ մեկին մեղավոր ճանաչի, մեկին էլ՝ չճանաչի, շնորհավորում եմ այդ կապակցությամբ»,- ասաց նա:
Հարցին՝ համաձայնություն տվե՞լ էր վաղեմության ժամկետի հետ կապված, նա ասաց, որ ոչ մեկին ոչ մի համաձայնություն չի տվել: Ապա շեշտեց, որ գնալու է արդարացման հասնելու ճանապարհով:
«Հիմա էլ հայտարարում եմ՝ ես անմեղ եմ, կծանոթանանք կորոշենք մեր ընթացքը»,- ասաց նա:
Գասպարյանը նշեց, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում չի տեսնում:
«Ես տենց բաներ չեմ տեսնում, քաղաքական հետապնդում չի եղել, բայց մի քանի արկածախնդիրներ դուր գալու համար իրենց ղեկավարներին, փորձել են, այնուամենայիվ, մի քիչ ճարպիկություն անել»,- ասաց նա:
Նշենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել, սակայն ազատվել է պատժի կրումից որոշ հոդածներով՝ համաներմամբ, որոշ հոդվածներով՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։