Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի շուրջ բանակցությունների ընթացքում դրական քայլեր են ձեռնարկվել, որոնք նախատեսում են կայուն հրադադար: Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Թուրքիայի առաջնորդը լրագրողներին ասել է ինքնաթիռում՝ Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո։
«Վերջին երկու-երեք օրվա ընթացքում Գազաի հարցում որոշակի դրական փոփոխություններ են տեղի ունեցել։ «Մոսադի» ղեկավարը Դոհայում բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում որոշակի դրական քայլեր են ձեռնարկվել, որոնք կայուն հրադադար են նախատեսում։ Կրակի դադարեցման մասին խոսելիս` հիմա ասում են` ցանկացած պահի։ Այլ կերպ ասած` այնտեղից լուրեր կարող են գալ ցանկացած պահի»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով ՝ այժմ իրավիճակը կախված կլինի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի պահվածքից:
«Իսրայելն այլևս չպետք է շարունակի այդ դաժանությունը, այդ վայրենությունը։ Իսրայելը պետք է դադարի ժամանակ ձգել և վերջ տա այդ անմարդկային հարձակումներին։ Այս կապակցությամբ միջազգային հանրությունը և հատկապես արևմտյան երկրները պետք է ուժեղացնեն ճնշումն Իսրայելի վրա։ Մինչ օրս հենց Իսրայելն է շարունակում հարձակումներն ու զանգվածային սպանությունները։ Հենց Իսրայելն է ոտնահարում մարդու իրավունքները և միջազգային իրավունքը։ Այժմ նրանք սպառնում են Լիբանանին, որպեսզի հակամարտությունը տարածվի ամբողջ տարածաշրջանում և թեթևացնի իրենց վիճակը։ Իսրայելը պետք է հրաժարվի տարածաշրջանում հակամարտություններ տարածելու իր մտադրությունից», - ասել է Թուրքիայի նախագահը։
Նա նաև հայտարարել է, որ արևմտյան երկրները, հատկապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, այս փուլում պետք է հրաժարվեն Իսրայելին աջակցելուց: