Որքան էլ իշխանական քարոզչությունը դաշտում փորձի ֆոն ձևավորել, որ Սյունիքի սահմանամերձ գյուղերում մարդկանց միայն կենցաղային հարցերն են հետաքրքրում, իրականում պատկերն այլ է. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Իհարկե, տեղերում սոցիալական բազմաթիվ խնդիրներ են կուտակվել և դրանց մասով կառավարությունն առանձնապես շահագրգռվածություն, օպերատիվություն չի ցուցաբերում, սակայն մարդկանց համար անվտանգության գործոնը շարունակում է գերիշխող լինել:
Մարդիկ երկրի ապագայի նկատմամբ վստահություն չունեն, որովհետև այն ինչ 6 տարի շարունակ խոստանում են, ամբողջության փուչիկ է:
Խաղաղություն գոռալով հարց չի լուծվում, հատկապես որ այդ ամենի տակ քաղաքացին միայն զիջում, հանձնում ու պատերազմ է տեսնում», - գրել է քաղաքական գործիչը: