«Այս տանն է ապրել…» գրությամբ հուշատախտակները Երեւանի փողոցներում շատ են: Շենքերում, որտեղ ապրել են նշանավոր մարդիկ, տասնամյակների ընթացքում շատ բան է փոխվել. փոխվել են բնակիչները, հիշողությունները, շենքի արտաքին տեսքը: Նոր բնակիչները հաճախ չգիտեն, որ ապրում են ականավոր մեկի տանը, որի շնորհիվ ժամանակին նշանավորվել է այդ հասցեն: Իսկ այն բնակարանները, որտեղ ապրում են ժառանգներ ու պահպանում հուշեր, թանգարանի արժեք են ստացել:
«Իմ տունն այնտեղ է, որտեղ իմ սեղանն է»։
Անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի համար «տան» սահմանումը շատ կոնկրետ էր։
«Կարեւորը՝ լիներ իր աշխարհը՝ սեղանը, հանրագիտարանները, եւ մենք բոլորս՝ իր կողքին՝ միշտ տանը, միասին, հանկարծ չուզենայինք ուրիշ տեղ ապրել»,-ասում է որդին՝ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։
Կամարակ փողոցում գտնվող տուն Սահակյանցները տեղափոխվել են 25 տարի առաջ։
«Հայրս սկզբում դեմ էր այս տանը՝ ո՞ւմ է պետք, հանգիստ ապրում ենք մեզ համար։ Բայց իրականում չէինք տեղավորվում մեր հին բնակարանում. 3 սենյականոց տանն ապրում էինք ավելի քան 10 հոգով, բայց երջանիկ։ Հետո գնեցինք այս տունը, ու նույն ձեւով շարունակեցինք ապրել այստեղ, էլի երեխաներ ծնվեցին։ Երբ կնոջս հետ մտածում էինք առանձնանալ, ինքը շատ խանդով էր վերաբերվում, որ մեր մտքով այդպիսի բան է անցնում։ Էդպես էլ չառանձնացանք»։
Դավիթ Սահակյանցն ասում է, որ բոլոր որոշումները հայրն էր կայացնում, թեեւ պատրանք էր ստեղծում, թե ամբողջ ընտանիքն է մասնակցում դրան։ Նոր տան նախագիծն էլ նա էր արել՝ որոշել սենյակների քանակը, ով որտեղ է քնելու։
Սահակյանցի մահից 15 տարի անց տանը շատ բան է փոխվել, բայց ոչ աշխատանքային սեղանը, որի շուրջը պտտվում էր ամեն ինչ։
«Այս սեղանը երկուսով ենք մաշեցրել»,- ասում է Դավիթը՝ ցույց տալով սեղանի՝ գունաթափված մակերեսը։
Սահակյանցն աշխատում էր մինչեւ ուշ գիշեր։ Լռությունը, որ, սովորաբար, պահանջում են ստեղծագործող արվեստագետները, նրան բնորոշ չէր։ Հեռուստացույցը միշտ միացրած էր՝ որպես ֆոն. հիմնականում արբանյակային ալիքներով պատմությանն առնչվող հաղորդումներ էր լսում։
«Ու ստիպում էր, որ սենյակում անպայման մեկը նստած լինի, եւ հետեւում էր, որ այդ մեկը հանկարծ չքնի։ Ստուգելու համար ձայն էր տալիս, եթե չէիր պատասխանում, սկսում էր բորբոքվել»։
Ռոբերտ Սահակյանցը՝ Ռոբը, ինչպես նրան դիմում էին հարազատներն ու ընկերները, հախուռն ու աղմկոտ էր։ Անձրեւ էր շատ սիրում։ Անձրեւին դուրս էր գալիս բակ, թոռներին «պատսպարում» իր շապիկի տակ, իսկ ինքը ոտքից գլուխ թրջվում։
Թոռների հետ միշտ շփվում էր հավասարը հավասարի նման։ Այդ շփման մեջ երբեմն ինքն ավելի երեխա էր լինել։
«Պահանջկոտ էր փոքրերի նկատմամբ, նույնիսկ կարող էր նեղանալ։ Իր ու աղջկաս՝ 3 տարեկան Մայայի միջեւ կոնֆլիկտ կար։ Կարող է ինչ-որ բան տար, Մայան չվերցներ կամ անտարբեր վերցներ, ինքը միանգամից նեղանում էր՝ ո՞նց չես ուզում։ Մի անգամ մի տուփ կոնֆետ էր բերել, նեղացավ, կոնֆետները թողեց, տնից գնաց»։
Ռոբերտ Սահակյանցը երեխաներին ու թոռներին թույլ էր տալիս նկարել՝ որտեղ պատահի. եթե երեխայի մտքով անցել է, թող նկարի։ Հին բնակարանն ամբողջությամբ նկարված էր․ հյուրասենյակն իրենն էր, մյուս սենյակները՝ ընտանիքի անդամներինը։
Դավիթ Սահակյանցը ցույց է տալիս հին պահարանը, որի վրա ինքն է նկարել։ Ասում է՝ հայրը հպարտանում էր դրանով՝ ամեն տանը չէ, որ այսպիսի պահարան կա։
Կենցաղի, տան հարդարանքի նկատմամբ Սահակյանցն անտարբեր էր, բայց որոշ իրեր անցել են նրա ձեռքի տակով։ Թզուկի արձանին մորքու ու ակնոցներ էր նկարել, որ իր նման լինի։
Չաշխատող ժամացույցը ձեւափոխել էր`«12»-ը ջնջել, սլաքները ծռել։
Սահակյանցը պարգեւներին, կոչումներին լուրջ չէր վերաբերվում՝ տվեցին, լավ։ Հոր վերաբերմունքին համապատասխան՝ ընտանիքում ժպիտով ընդունեցին նրա ժողովրդական արտիստի կոչումը ու քամանչա նվիրեցին՝ «Հարգելի վարպետ հայրիկին ժողովրդական արտիստ կոչմանն արժանանալու առթիվ» գրությամբ։
Սահակյանցի աշխատանքային նյութերը, էսքիզները, պաստառները, լուսանկարները հիմա պահվում են նրա անունը կրող անիմացիոն ստուդիայում։
Դրանց մեջ Սահակյանցի ձեռքով արված մի մանրանկար կա. Քրիստոսի առաքյալների տեսքով իրեն ու աշխատանքային խմբին է պատկերել։
Սահակյանցն աշխատում էր տանը՝ մինչեւ ուշ գիշեր։ Աշխատանքի հասնում էր կեսօրին։
«Ինքն ապրում էր ստուդիայում, ամբողջ օրը ման էր գալիս սենյակներով, գործ էր բաժանում, ստուգում էր, խոսում էր, ծիծաղում էր, անընդհատ պատմություններ, աղմուկ։ Իսկ աշխատում էր տանը՝ ամբողջ գիշեր։ Ստեղծագործական հարցերը կնոջ հետ էր քննարկում, կինը գիտեր ամեն ինչ»,- ասում է «Ռոբերտ Սահակյանց» անիմացիոն ստուդիայի տնօրենն ու Դավիթ Սահակյանցի կինը՝ Զառա Սահակյանցը։
Օրվա վերջում հաճախ գնում էին ֆուտբոլ խաղալու։ Ֆուտբոլը նրա համար առանձին մի աշխարհ էր։
«Իր ձեռքով ֆուտբոլի դաշտ էր պատրաստել՝ պլաստիլինի մարդուկներով։ Հատուկ ձեւեր էին մշակել, երկու հոգով սրիչով ֆուտբոլ էին խաղում։ Այդ դաշտը մի ժամանակ մեր հյուրասենյակի սեղանին էր։ Առաջնություններ էին անցկացնում, հաշիվները գրանցելու տետրեր ունեին, մրցանակային տեղեր։
Բացի այդ, «Հայֆիլմ»-ի աշխատողներով ֆուտբոլի թիմ էին կազմել, գնում էին Մոսկվա, Լենինգրադ, Կիեւ՝ խաղալու։ Իրենց մարզահագուստը, գնդակն ունեին, թիմի անունն էլ՝ «Очей очарованье»»,- պատմում է Զառա Սահակյանցը։
Ստուդիայում ծանրաձող կար, որով Ռոբը երբեմն մարզվում էր։ Բայց հաճախ ուժի ցուցադրության համար աշխատակիցներին էր ուսերին բարձրացնում։ Գրազով կարող էր ապակի ուտել, գլխով մեխ մեխել։
Ռոբերտ Սահակյանցն ընդգրկված էր «Ուրախների եւ հնարամիտների ակումբ»-ի հայաստանյան թիմում։ Այն տարիներին արգելվում էր չսափրված բեմ դուրս գալ։ Առաջին ելույթին թիմի բոլոր անդամները սափրվեցին, բացի՝ Ռոբից։
«Երբ իրեն ստիպում էին ինչ-որ բան անել, չէր անում։ Երբ ստիպեցին սափրվել, կատեգորիկ ասաց՝ ոչ։ Էդպես բեմ բարձրացավ։ Իրեն թիկունքից էնպես էին նկարում, որ կադրում չերեւա։ Հասկանալով, որ մյուս խաղերին էլ չի կարողանալու բեմ բարձրանալ, որոշեցին, որ թիմի նկարիչը լինի։ Համաձայնեց, ու դրանից հետո սափրվեց»,- պատմում է որդին։
Սահակյանցը սկզբունքային էր ամեն հարցում։ 1990-ականների սկզբներին BBC-ն Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա անիմացիոն ֆիլմեր նկարելու նախագիծ էր սկսել։ Սահակյանցին առաջարկել էին էկրանավորել «Միջամառային գիշերվա երազը»։ Համաձայնել էր մի կարեւոր նախապայմանով՝ Մոսկվա կմեկնի միայն ամբողջ ստեղծագործական թիմի հետ։
«Ռոբն ասել էր՝ եթե Երեւանում նկարեմ, ֆիլմը չի ավարտվի։ Մոսկվա էին հրավիրել։ Ասել էր՝ մենակ չեմ գա, ամբողջ խումբը պետք է հետս լինի։ Ինքն էդպիսի գիժ բաներ ուներ՝ ուզո՞ւմ եք ես նկարեմ, ուրեմն պիտի ամբողջ խումբս գա։ Ռոբը փորձում էր շատ մարդ տաներ աշխատելու, որ փրկեր ցուրտ ու մութ ձմեռներից։ Ով էլ չէր կարող գնալ, փող էր ուղարկում, որ Երեւանում աշխատի։
Մոսկվայում շատ լավ պայմաններում աշխատեցինք։ Վերջում հրավիրեցին ընդունելության։ Ինքն ասաց՝ ես առանց խմբի չեմ գա։ Մեզ հավաքեց՝ գնում ենք ռեստորան։ Բոլորը Ռոբին նայում էին որպես գժի. մյուս ռեժիսորները եկել էին 1-2 հոգով, Ռոբը մտավ 10 հոգով։
Հետո գնաց Լոնդոն՝ ձայնագրության։ Այդ թվերի համար ահագին մեծ հոնորար ստացավ ու ամբողջ խմբին նվերներ առած վերադարձավ»,- պատմում է Զառա Սահակյանցը։
Նա ստեղծագործական խմբին միացել է 1992 թվականին։ Հիշում է Սահակյանցի հետ առաջին ծանոթությունը։
«Ասաց՝ արի, բան եմ ցույց տալիս, ու ցույց տվեց՝ «Всё хорошо» ֆիլմը (նվիրված Սովետական Միության հիշատակին-հեղ․)։ Այդ ֆիլմը նկարելուց մի շաբաթ հետո Խորհրդային Միությունը քանդվեց։ Ինքը, կարծես, կանխատեսել էր դա, ու նկարել էր այն, ինչ եղավ։ Չնայած ֆիլմն էլ արդիական չէր, բայց ինքը շատ էր հպարտանում դրանով»։
Սահակյանցն իր աշխատանքներից առանձնացնում էր «Աղվեսագիրք»-ը՝ որպես առաջին գործ։ Երբ միջնադարյան առակների հիման վրա նկարված մուլտֆիլմը պատրաստ էր, այն ներկայացնում են Պետկինո։ Նախագահ Գեւորգ Հայրյանը խոստովանում է․«Ժամանակին ես չէի ուզում էկրան բարձրացնել «Նռան գույնը»։ Հետո հասկացանք՝ Փարաջանովն ով է։ Եթե այսօր սա չընդունեմ, երեւի ամբողջ կյանքում ամոթով ապրեմ»։
Իր ֆիլմերը Ռոբերտ Սահակյանցը նկարում ու բաց էր թողնում, դրանք դրոշակ չէր դարձնում։ Բայց նրա գործերին ծանոթ դիտողը միանգամից ճանաչում էր ձեռագիրը եւ ֆիլմի ուրեւէ կադրում հայտնվող «Ռոբ» գրությունը։
Լուսինե ՂարիբյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Ագապե Գրիգորյանի