Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է քննարկել Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանները և վերջ դնել պատերազմին։ Այս մասին Bloomberg-ին հայտնել են Ուկրաինայի նախագահի և արևմտյան առաջնորդների միջև բանակցությունների ընթացքին ծանոթ մի քանի պաշտոնյաներ։ Աղբյուրներից մեկի համաձայն՝ Զելենսկիի առաջարկած «հաղթական ծրագիրը» Վաշինգտոնում արժանացել է սառը ընդունելության։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
ԱՄՆ պաշտոնյաները խնդրել են Կիևին ձևակերպել ճանապարհային քարտեզ, թե ինչ է իրեն անհրաժեշտ հաջորդ տարվա համար, ներառյալ՝ ռազմական տեխնիկան, արդյունաբերական զարգացման և ֆինանսական աջակցությունը: Ուկրաինայի նախագահն օգնականներ է ուղարկել Վաշինգտոն՝ պլանի մանրամասների վրա աշխատելու համար։ Պարբերականի տվյալներով՝ արևմտյան դաշնակիցները մեծացրել են ճնշումը Կիևի վրա՝ հօգուտ պատերազմի դադարեցման կոնկրետ ծրագրի։
Բարձրաստիճան պաշտոնյան գործակալությանն ասել է՝ քանի որ Կիևը դեռևս չի բացահայտել իր ծրագրի բոլոր մանրամասները, ուկրաինացի պաշտոնյաները կարող են օգտագործել ռազմավարական երկիմաստության տարր, որը նրանց հետագա մանևրելու հնարավորություն կտա: Պարբերականի մեկ այլ զրուցակցի խոսքով, որը ծանոթ է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով բանակցություններին, հրադադարի բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի կողմից անվտանգության հուսալի երկկողմ երաշխիքներն իրականում կնշանակեն Կիևի անդամակցությունը դաշինքին։ Միևնույն ժամանակ, նա պարզաբանել է, որ Մոսկվան կտրականապես դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, հետևաբար, պարզ չէ, թե ինչ բանաձև կօգնի բոլոր կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնել։ Ուկրաինան պնդում է նախագահ Զելենսկիի առաջարկած «խաղաղության բանաձևի» իրականացումը, որը ներառում է վերադարձ 1991 թվականի սահմաններին և ռուսական զորքերի դուրսբերում գրավյալ տարածքներից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի կեսերին ներկայացրել է «հակամարտությունը դադարեցնելու» իր ծրագիրը։ Այն ներառում է Ուկրաինայի Զինված ուժերի դուրսբերումը Ռուսաստանի կողմից գրավված ուկրաինական շրջաններից, Կիևի կողմից այդ տարածքների և Ղրիմի նկատմամբ վերահսկողության կորստի ճանաչումը, Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մերժումը, երկրի միջուկային զենքից ազատ կարգավիճակի ապահովումը և արևմտյան պատժամիջոցների վերացումը Ռուսաստանի նկատմամբ։ Կիևում ծրագիրն անմիջապես մերժել են՝ այն անվանելով անընդունելի։
The post Զելենսկին պատրաստ է մեղմել իր դիրքորոշումը ՌԴ-ի հետ բանակցությունների հարցում և պատրաստվել պատերազմի ավարտին. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.