«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը
– Պարո՛ն Հարությունյան, մարդու իրավունքների տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ներքին գործերի նախարարության հեղինակած օրենքի նախագիծը՝ «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով սահմանվում է, որ մի շարք կազմակերպություններ և տնտեսվարողներ իրենց օբյեկտները դրսից՝ բոլոր կողմերից, պետք է կահավորեն տեսահսկող խցիկներով։ Այդ բոլոր տեսախցիկների ազդանշանները միացվելու են ՆԳՆ ենթակայության ՊՈԱԿ-ին:
– Քանի որ մեզանում ոստիկանության համակարգը այն մակարդակին չէ, չունենք այն ոստիկանությունը, որի մասին խոսում են մեր բոլոր իշխանությունները և մենք՝ թե՛ այսպիսին պետք է լինի, այնպիսին պետք է լինի, ապա այս ոստիկանության պարագայում, որը շատ առումներով դեռ պահպանել է սովետական միլիցիայի իր որակները, տալ նրանց ավելի լայն լիազորություններ, քան ունեն, բոլորովին արդարացված չէ, որովհետև մենք ունենք փորձ, որ նրանք իրենց լիազորություններն ի չարս են գործադրում։ Նրանք ծառայում են ոչ թե պետությանն ու օրենքին, այլ՝ օրվա իշխանությանը, ծառայում են շատ հավատարիմ, շատ հաճախ դառնում են օրվա իշխանության ձեռքին մահակ և՛ ընդդիմության, և՛ բողոքող քաղաքացիների գլխին:
Այս իմաստով, իհարկե, մենք պետք է միշտ վախենանք, երբ խոսքը ոստիկանության իրավունքների և լիազորությունների ընդլայնման մասին է։ Նորմալ պարագայում, նորմալ երկրում, իհարկե, նրանք պետք է ունենան բավարար լիազորություններ՝ հանցագործությունների նախականխմամբ, կանխմամբ և բացահայտմամբ զբաղվելու համար։ Մեզանում, քանի որ նրանք հիմնականում քաղաքական նպատակներով են օգտագործվում և շատ հաճախ՝ որպես մահակ, այս համատեքստում, իհարկե ցանկալի չէ, նույնիսկ մերժելի է։
– Կոնկրետ այս նախագիծն ի՞նչ վտանգներ է պարունակում մարդկանց համար, որովհետև ստացվում է, որ մարդը օրը 24 ժամ գտնվելու է հսկողության տակ։
– Խնդիր չէ, այսպես թե այնպես տեսախցիկները կան, դրանք ամենուր են՝ խանութներից սկսած, փողոցներով վերջացրած, դրանք ամենուր կան ու հարկ եղած դեպքում միշտ կարելի է դրանք պտտել, և այդպես էլ արվում է: Այդ տեսախցիկների դեմ բողոք չկա, ընդհակառակը՝ ես ինքս վստահ եմ, որ դրանք շատ առումով դրական դեր են կատարում՝ հանցագործությունների նախականխման, բացահայտման առումով։
Այդ առումով, իհարկե, չկա վտանգ, վտանգը լիազորությունների ընդլայնումն է, որը կարող է ի չարս գործադրվել, ծառայեցվել մարդու դեմ, քաղաքացու դեմ այն ոստիկանության ձեռքին, որը դեռ լիարժեք ոստիկանություն չէ, սա է իմ ասածը։
– Իսկ ինչո՞ւ մենք այդ լիարժեք ոստիկանությունը չենք ունենում։
– Բոլոր իշխանությունները, որ եկել են, խոսել են այն մասին, որ մենք հենց վաղն ունենալու ենք նորը, եթե հետադարձ հայացք նետենք, ապա կտեսնենք։ Լուրջ, էական, ակնհայտ փոփոխություններ ոստիկանության համակարգում տեղի են ունեցել միայն 1990-ականների սկզբին, երբ Հայաստանը նոր էր անկախանում ու կտրում իր պորտալարը խորհրդային իրականությունից։
Անվանումը փոխվեց, հագուստը փոխվեց, շատ փոփոխություններ տեղի ունեցան, բայց դրանք բավարար չէին, դրանք նոր սկիզբ էին, մեծ կրճատումներ եղան, սովետական ոստիկանության մեծ թվաքանակը կրճատվեց, փոքրացավ նրանց թիվը, բայց հետագայում արդեն՝ Սերժ Սարգսյանի նախարար դառնալու շրջանից սկսած, նորից սկսեց թիվն ավելանալ, նորից խորհրդային ոստիկանությանը բնորոշ ծառայությունները կատարել, վերականգնվեցին թաղայինները, 90-ականներին դրանք չկային, էլի բազմաթիվ լիազորություններ:
Սկսեցին իրար նման քսերոքս լիազորություններ հատուկ ծառայություններում, Ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, այլ ուժային կառույցներում իրար կապկող վարչություններ զարգանալ, թվաքանակն աներևակայելի է զարգացել, ու ես որպես լրագրող կարող եմ ձեզ առաջարկել համեմատական հետաքննություն, թե քանի՛ ոստիկան ենք ունեցել Սովետական Հայաստանում, ասենք՝ 80-ականների վերջին, ինչքան են դրանք եղել, ասենք՝ 1995 թվականին, ու ինչքան են նրանք այսօր ու ինչու է այդպես։ Այդ հետաքննությունն անելուց հետո կզարմանանք, թե որքան է աճել այդ թիվը, ու ինչու է աճել։
– Պարո՛ն Հարությունյան, կոնկրետ այս իշխանությունն ինչո՞ւ է Ոստիկանությանը այդքան լայն հնարավորություններով օժտում։
– Ճիշտ այնպես, ինչպես իր նախորդները, որովհետև Ոստիկանությանը պետք է ծառայեցնի իր շահերին, նրանց աջակցությամբ զսպի բողոքները, այդպես էլ անում են, նպատակը այս է ու չի փոխվել, որովհետև կառավարման նկատմամբ մոտեցումը, պատկերացումը չեն փոխվել, հետևաբար, գործառույթներն ու նպատակները նույնն են մնում։
– Բայց երբ գալիս էին իշխանության, լրիվ այլ խոստումներ ու հայտարարություններ էին հնչեցնում՝ ամենակոշտ ձևով քննադատելով իրենց նախորդների վարքն ու բարքը։
– Իհարկե, իհարկե, մինչև իշխանության գալը բոլորն էլ շատ լավն են, բոլորն էլ տալիս են ճիշտ խոստումներ ու բոլորն էլ հասկանում են, թե ինչ պետք է արվի, բայց երբ հայտնվում են իշխանական սենյակներում, շատ արագ մոռանում են այդ ամենը ու սկսում են անել այն, ինչ արել են իրենց նախորդները, անել այն, ինչ իրենք մերժում էին հանրահավաքների ժամանակ՝ մինչև իշխանության գալը։ Մենք դրա ականատեսն ենք արդեն քանի անգամ։
– Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ չեն կարող գալ ու անել այն, ինչ խոստացել են հանրությանը։
– Որովհետև պոպուլիստներն են գալիս իշխանության, պոպուլիստը խոստում կատարելու խնդիր չունի, պոպուլիստը խոստումով իշխանության է գալիս։ Պատասխանատու քաղաքական գործիչն է, որ իր խոստումների համար է գալիս իշխանության, այդպիսի քաղաքական գործիչներ մեզանում, ցավոք սրտի, այս շրջանում չկան։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Պետք է միշտ վախենանք, երբ խոսքը ոստիկանության իրավունքների և լիազորությունների ընդլայնման մասին է. Վարդան Հարությունյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.