Պատերազմը և դրանից հետո անվերջ թվացող բախումներն ու սպառնալիքները բոլորի կյանքը կարծես բաժանել են «մինչև» և «հետո» շրջանների։ Ամբողջ հասարակությունն է փոխվում։ Տրավմաները, ունեցած փորձը և վախերը փոխում են մարդկանց և նրանց հասարակությունը։
Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Հովսեփյանը համոզված է` մարդիկ շատ ավելի ուժեղ են, քան թվում է։
Տագնապը, վախը, ագրեսիան՝ այս բոլոր բացասական հույզերը հաճախ ոչ միայն օգնում են գոյատևել, այլև մարդկության պատմության մեծ մասի ընթացքում բնական են եղել։ Հովսեփյանը նշում է, որ ոչ կոմֆորտ կյանքը մեզ չի կործանի։ Սակայն անհուսությունն ու անօգնականության զգացումը ստիպում են մարդուն սառել և ոչինչ չձեռնարկել:
«Մենք վաղուց ենք եղել պատերազմական վիճակում, բայց երկար ժամանակ պարտված չենք եղել։ Սա լայն իմաստով խոցում է ամենախորքային, ֆունդամենտալ պահանջմունքը՝ անվտանգության ապահովման պահանջմունքը, և բոլորի մեջ սրվում են նրանց թույլ կողմերը։ Ֆունդամենտալ ապահովության զգացման կորուստը մեր ամբողջ անձը սկսում է ենթարկել վտանգի, մեր ամբողջ համոզմունքներն են սկսում կառուցվել ավելի մեծ ռիսկերի շուրջ, և դա բերում է թե՛ անհատական, թե՛ հանրային վտանգի, սպառնալիքի զգացման աճի»,- ասում է Արամ Հովսեփյանը։
Արամ Հովսեփյանը մեծ բացթողում է համարում լայնամասշտաբ հետազոտությունների բացակայությունը։
Բնակչության մի քանի խմբեր տարբեր վարքագիծ են դրսևորում։ Կա բնակչության մի խումբ, որն ավելի շատ քննադատում է, ցանկանում է լուծումներ գտնել, բայց չգտնելով՝ սկսում է քննադատել։ Կան խմբեր, որոնք փնտրում և առաջարկում են լուծումներ, բայց դրանք տեղային բնույթ են կրում։ Կան խմբեր, որոնք այլ կերպ են արտահայտում իրենց անհանգստությունը, և կան խմբեր, որոնք ընդհանրապես անհանգստություն չեն արտահայտում: Նման իրավիճակում մարդկանց մեջ ակտիվանում են նրանց պաշտպանական մեխանիզմները, և նրանք սկսում են խմբավորվել ըստ այդ մեխանիզմների, քանի որ այդպես ավելի անվտանգ են զգում։
«Ինչքան մարդն ավելի ուժեղ սթրեսային վիճակում է, այնքան մտածողությունը պակաս ճկուն ու տրամաբանական է։ Դա ուղեղի պաշտպանական ռեակցիան է, ահա թե ինչու ստացվում է՝ ինչքան սթրեսի մեջ ենք, պակաս տրամաբանական ու կողմնակալ ենք դառնում։ Սա էլ մյուս պաշտպանությունն է, այսինքն՝ եթե մենք ունենք ինչ-որ պոտենցիալ վտանգի մասին վարկած, ավելի մեծ ուշադրությամբ ենք նկատում այն փաստերը, որ դրան կողմ են խոսում, և անտեսում այն փաստերը, որ դեմ են խոսում»,- ասում է նա։
Արամ Հովսեփյանի խոսքով՝ արդարացված է, որ մենք սկսում ենք ամեն ինչի մեջ վատը տեսնել, քանի որ որոշակի վտանգներ սպասելով՝ ուզում ենք պատրաստ լինել, սակայն սա կյանքը սկսում է թունավորել։ Ինչ վերաբերում է տագնապին, ապա այն բնական երևույթ է, բայց մեր մեջ ունենք հիշողություն, դրան գումարած սոցիալական ցանցերը մեզ հիշեցնում են կյանքն առանց տագնապների, և սրա ֆոնին է, որ տագնապայնությունը սկսում է սխալ թվալ։ Այդ պատկերացումը, որ ինքը շատ է տարբերվում մեր ուզած նորմայից, ավելի սթրեսային է, և սա բերում է մի վիճակի, որ ունենում ենք մասսայական փոփոխություններ։
«Տրավման սահմանափակում է անձի հետագա զարգացումը։ Այն մարդուն գցում է այնպիսի ռեժիմի մեջ, որ նա սկսում է իր ուժերը խնայել ու որպեսզի չմոտենա այդ ցավեցնող իրավիճակին, տարբեր իրավիճակներում սկսում է ձևավորել խուսափողական վարք: Օրինակ՝ ծանոթ իրավիճակ է, որ պատերազմի մասնակիցները, բացի ընկերներից, իրենց ապրումներով ոչ մեկի հետ չեն կիսվում, փակվում են իրենց նեղ շրջանակում, հաճախ տարբեր կախվածություն առաջացնող նյութեր են օգտագործում, որ այդ ապրումներին չմոտենան։ Այսինքն՝ նրանց վարքը կառուցվում է ոչ թե իրական նպատակի շուրջ, այլ ցավոտ ապրումներից խուսափելու շուրջ, և վարքը սկսում է խուսափող, այլ ոչ թե առաջ գնացող ու հաղթահարող դառնալ»,- ասում է հոգեբանը։
Երբեմն լինում են նաև միակողմանի ադապտացիաներ։ Այլ կերպ ասած՝ մարդը մի ուղղությամբ լավ է աշխատում, արդյունավետ է լինում աշխատանքում, ու չենք նկատում, որ մյուս ուղղությունները նրա մեջ սառած վիճակում են ու առաջ չեն գնում։ Այս դեպքում իրավիճակը փոքր-ինչ բարդանում է։ Տրավմայի առկայության մասին կարող ենք կասկածել, բայց ոչ ախտորոշել։ Միայն հստակ է, որ կենսակերպի ցանկացած փոփոխություն խոսում է խնդրի առկայության մասին։ Բացի այդ, տրավման անմիջապես ուղեկցվում է մեզ ծանոթ մյուս հոգեբուժական բնական վիճակով՝ դեպրեսիայով, տագնապային ախտանշաններով, կախվածություն առաջացնող նյութերի չարաշահումով։
«Իհարկե բոլորը չեն, որ սուր տրավմային արձագանքում են հետտրավմատիկ սթրեսային խանգարումով, բայց այդ տրավման այլ բաների տեսքով է իր հետևանքը թողնում։ Այսինքն՝ եթե տեսնում ենք մարդն ունի տրավմա, պետք է ամեն ինչ անենք մասնագետի դիմելու համար։ Պետք է արձանագրենք, որ շատերը չեն ուզում դիմել մասնագետի, չունեն հավատ, որ ինչ-որ բան կփոխվի, չունեն պատկերացում ապագայի մասին կամ դեմ են ուրիշի հետ կիսվելուն և այլն։ Այստեղ ամենակարևորը, որ այդ մարդու հետ խոսենք իրենց ապրումների տեսակետից, ոչ թե ընդգծենք նրանց սխալը։ Երբ կարողանանք մարդու հետ այդ մակարդակում խոսակցություն սկսել, ավելանում են շանսերը, որ նա կդիմի մասնագետի»,- ասում է Արամ Հովսեփյանը։
Մասնագետը նկատում է, որ մենք մեր մասին հոգ տանել չգիտենք, և երբեմն երիտասարդը, որ դիմում է բժիշկի կամ սննդակարգին է հետևում, ավելի շատ հեգնանքի է արժանանում, քան խրախուսանքի։ Մեկ այլ վատ իրողություն. մենք ապրում ենք պատերազմից պատերազմի արանքում, փոխարենը այդ ընթացքում զարգանալու։ Պատերազմի ավարտին սպասում ենք հաջորդ պատերազմին, բայց այդ ընթացքը պետք է դիտարկել որպես բարենպաստ պայման ու զարգանալ։ Այդ արագ զարգացումը մեզ մոտ կասեցված է, որովհետև գտնվում ենք, պայմանական ասած, կոլեկտիվ տրավմայի մեջ, պասիվ սպասողական վիճակում ենք՝ ակտիվ զարգացող վիճակի փոխարեն։
«Նման իրավիճակում կարևոր է դառնում առաջնորդության դերը, որ գտնվեն մարդիկ, որոնք կտանեն զարգացման։ Ցանկացած ինստիտուտ, նույնիսկ հիվանդանոցը, եթե չունենա առաջնորդ, լավ չի աշխատի»,- նշում է նա։
Ինչ վերաբերում է ինքնօգնությանը, ապա ըստ մասնագետի, դրա համար պետք է դիմել մասնագետի, ոչինչ ինքնուրույն չանել։ Ի՞նչ պետք է անի մարդը, որի ատամը ցավում է, մեքենան է փչացել, կամ տանը հրդեհ է։ Դիմում է մասնագետի, նույնն էլ պետք է անի անձը, ով ունի հոգեբանական խնդիր։
«Ինքնօգնության համար պետք է նախևառաջ կրթվել, գրագետ դառնալ, ինքնօգնության մակարդակի հասնելը տարիների աշխատանք է։ Մենք կհասնենք դրան, ջանքեր գործադրվում են, բայց այս պահին հայ մարդը այն վիճակում չէ, որ կարողանա որակյալ օգնություն ցույց տալ ինքն իրեն»,- եզրափակում է Արամ Հովսեփյանը։
Տեքստը՝ Սաթենիկ Հայրապետյանի
Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի
Փոդքաստը վարում է Լիաննա Խաչատրյանը
MediaLab.am
The post Պատերազմի հետքը. տագնապը, վախը, ագրեսիան, բացասական հույզերը… «Մարդիկ շատ ավելի ուժեղ են, քան թվում է» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.