Կարկուտից հետո Պրիվոլնոյե գյուղի բնակիչները զբաղված են տանիքները կարկատելով։ Մարդ կա՝ վարկ է վերցրել, որ շիֆերները փոխի․ «Ջուրը տուն է լցվում»։ Մյուսները ծակերը շինարարական փրփուրով ու քարերով են ծածկում՝ ժամանակավոր լուծում, «մինչև երևա ինչ ենք անում»։
Գյուղապետը նկարահանվել չուզեց։ «Գնահատում ենք անում, 50-ից ավել վնասված տուն կա, բազմաթիվ վնասված մեքենաներ, ցորենի արտերն են վարի գնացել, տվյալները կփոխանցենք համայնքապետարանին»։ Գյուղապետարանի կիսաքանդ շենքում միայն վարչական ղեկավարի աշխատասենյակն է թարմ վերանորոգած, կողքի դահլիճները դատարկ են ու կիսաքանդ, գրադարանի փոշոտ պահարաններին խորհրդային գրքեր են։
Կարկուտի կիսահալ կտորները գյուղացիները սառցարանում են պահում, որ ցույց տան՝ «ձվի չափի էին», «շատ չէր, բայց խոշոր», «տալիս, տեղնուտեղը փշրում էր»։ Հովիվներից մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել, մի քանի կենդանիներ՝ սատկել։
Շարքից դուրս են եկել բնակելի տների, գոմերի, ավտոտնակների շիֆերապատ տանիքները։ Մետաղապատերին փոսեր են մնացել։
Տիկին Անահիտի տան մի մասը փլվել է։ Կտուրը կարկուտից առաջ էլ էր խարխուլ։ Ժամանակավոր փակել են բրեզենտով։ Տան ներսում անձրևաջրեր են․ «Դոշակներս էլ փչացան»։
Անահիտն այս տունը դստեր ու թոռների համար էր առել։ Աղջիկը կարկուտից հետո գնացել է տեգրոջ մոտ։ Տղան և ամուսինը վաղուց Ռուսաստանում են՝ «գնում են Պոդմոսկովյե, որ շինարարություն անեն»։ Ռուսաստանում են նաև նրա հարևանուհիների ամուսինները։ Մարդ կա՝ մի քանի տարի չի եկել, մարդ կա՝ տարին մի քանի օրով է գալիս։
Զվարթը օրորում է նորածին երեխային և ցույց է տալիս ամուսնու մեքենան՝ ապակիները կարկուտից փշրվել են։ Նրա հարևանուհին էլ տան պատուհաններն է ցելոֆանով փակում, մինչև նոր ապակի գցի։
Գյուղի մեծ մասն ապրում է անասնապահության, կաթ հանձնելու հաշվին։ Աշտարակ կաթը լիտրի համար 130 դրամ է տալիս․ «Առաջ 170 էր»։ Մեծ ընտանիքները նաև գյուղատնտեսությամբ են զբաղվում։
Գյուղացիներից մեկը ցորենի դաշտերն է ցույց տալիս։ Հասկերը ջարդվել են, բերք չի լինի։ Խոսքը հարյուրավոր հեկտարների մասին է՝ բաժանված բազմաթիվ ընտանիքների մեջ։ Ոչ ոք, ըստ նրա, ապահովագրություն չուներ։ Գյուղում կարկտակայան էլ չկա։
Գյուղացիք «փող չեն խնայում», ապրում են «օրվա հացով»։
Եկեղեցու հարևանությամբ տուն է, տերերը՝ հայր և որդի, առավոտից տանիք են փոխում։ Մետաղյա շիֆերներ են բերել Վանաձորից․ «600 հազար ենք մուծել՝ ուստի փողը չհաշված»։ Վարկ են վերցրել, և «եթե փոխհատուցում չտան, հեչ լավ չի լինի»։
Տիկին Դունյայի մոտ ավելի վատ վիճակ է։ Տան, գոմերի, ավտոտնակի տանիքները վերանորոգման ենթակա չեն։ Փոխելու համար մոտ երեք միլիոն է պետք։ Նրա ամուսինը պատմում է հետխորհրդային տարբեր երկրներում ապրող եղբայրների, քույրերի, երեխաների մասին։ Ընտանիքի մի մասը Մինսկում է, բայց շուտով վերադառնալու է Հայաստան․ «Լուկաշենկոյի երկրում ապրել չի լինի»։
Գյուղացիք դժգոհում են Տաշիրի Սամոյից, նրա քաղաքականացված բարեկամներից, իրենց համայնքի ղեկավարից և ապաքաղաքական գյուղապետից։
Բոլորը լուրի են սպասում՝ փոխհատուցում կլինի՞, թե՞ չի լինի, ե՞րբ կլինի, ինչքա՞ն։
Epress.am-ն այս հարցերն ուղղել է Տարածքային կառավարության և ենթակառուցվածքների նախարարությանը և Լոռվա մարզպետարանին։
ՏԿԵՆ մամուլի խոսնակ․ — Հանձնաժողով կա, որը զբաղված է վնասների գույքագրմամբ՝ ոչ միայն Պրիվոլնոյե գյուղի, այլ կարկուտից տուժած բոլոր բնակավայրերի և համայնքների։ Տվյալները կամփոփվեն, դրանից հետո նոր որոշում կկայացվի։ Պրակտիկան այնպիսին է, որ նման դեպքերում կառավարությունը փոխհատուցում է քաղաքացիների վնասները։
Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյան․ — Պրիվոլնոյից հետո էլի կարկուտներ են եղել՝ ամսի 21-ին։
Տաշիր բնակավայրում տուժել են Տաշիր, Մեդովկա, Պրիվոլնոյե համայնքները։ Լոռի-Բերդ խոշորացված համայնքում տուժել են Հովնանաձոր, Յաղդան, Հողեր, Ագարակ բնակավայրերը։ Գյուլագարակ համայնքից տուժել են Գյուլագարակ, Գարգառ, Հոբարձի, Վարդաբլուր և Կողես բնակավայրերը։ Սպիտակ համայնքից տուժել են Սպիտակ և Արևաշող բնակավայրերը։ Փամբակ համայնքից՝ Փամբակ, Վահագնի, Դեբետ, Վահագնաձոր բնակավայրերը և այլն։
Գյուլագարակում, Փամբակում, Սպիտակում տուժել են գյուղատնտեսական ցանքատարածությունները, բայց մնացած համայնքներում տանիքներ, ջերմոցներ, ապակիներ, ֆոտովոլտային կայաններ, ջրատաքացուցիչներ են վնասվել։
Մասշտաբները մեծ են։ Կարկտակայաններն ամբողջությամբ աշխատել են, ուղղակի նման կարկտաբեր ամպրոպների դեմ այդ կարկտակայանները չեն կարող պայքարել։
Վերջնական արձանագրությունները դեռ պատրաստ չեն։ Այս պահին համայնքային հանձնաժողովները գնահատում են վնասի չափը, արձանագրություններն ուղարկում են մարզպետարան։ Մենք պետք է ուսումնասիրենք, մոնիթորինգ անցկացնենք ու հետո նոր ուղարկենք Կառավարություն։
Լոռու մարզպետ Արամ Ղազարյան․ — Փոխհատուցման հետ կապված հարցերով զբաղվում է հանրապետական հանձնաժողովը։ Բոլոր հանձնարարականները տրված են։ Տվյալները դեռ ամբողջականացված չեն։