Добавить новость


Новости по-русски


Новости сегодня

Новости от TheMoneytizer

20-ամյա Մոնիկայի երեք հենասյուները. հավատք, հավատ եւ ուժ

Մենք ամեն օր ընտրություն ենք կատարում՝ ինչ հագնել, ուտել, ինչպես անցկացնել օրը։ Շատ դեպքերում այդ որոշումները կայացնում ենք առանց դրանց նշանակության մասին երկար մտածելու։ Բայց կան ընտրություններ, որոնք մեր առօրյա կյանքից բացի, ազդեցություն ունենում են բոլորիս կյանքի վրա:

2026 թվականին Հայաստանում շատ երիտասարդներ առաջին անգամ կմասնակցեն համապետական ընտրություններին։ Սա կլինի նրանց առաջին փորձը՝ կարծիք եւ  դիրքորոշում արտահայտելու ու գիտակցելու՝ ինչ դեր կարող է ունենալ անգամ մեկ ձայնը երկրի կյանքում։

«Ընտրելու եմ առաջին անգամ» շարքում Մեդիամաքսը ներկայացնում է Երեւանում եւ Հայաստանի մարզերում բնակվող այն երիտասարդներին, որոնք առաջին անգամ են քվեարկելու: 

Այս անգամ զրուցել ենք 20-ամյա Մոնիկա Սարգսյանի հետ՝ Երեւանից: 

«Ճիշտ ռեժիսոր դառնալու համար պետք է երեխա մնանք» 

Մոնիկան ռեժիսոր է, ինչպես ինքն է իրեն անվանում՝ «ինքնակրթվող ռեժիսոր». «Ցավոք, այս պահին չկա ոչ մի ուսումնական կենտրոն, հաստատություն կամ աշխարհ, որում պատկերացնում եմ ինձ»: 

Ռեժիսոր-դերասան դառնալու մասին երազել է մանկուց, իսկ դպրոցն ավարտելուց եւ այլ մասնագիտությամբ բուհ ընդունվելու փորձից հետո լիովին գիտակցել եւ խոստովանել ծնողներին՝ սա իր ճանապարհը չէ. 

«Պիցցա էի գնել ու գնացել ծնողներիս հետ լուրջ խոսելու, ասելու, որ այս պահին որեւէ բուհ ընդունվել չեմ ուզում: Հիշում եմ՝ այդ լուրից հետո երկու օր չխոսեցին հետս», - ծիծաղով հիշում է Մոնիկան ու ավելացնում. 

«Հետո մաման եկավ, ասաց՝ «դու գիտես՝ ինչ ես ուզում եւ սա ամենակարեւորն է»»: 

Միեւնույն ժամանակ, Մոնիկան չի մերժում կրթության կարեւորությունը, հակառակը՝ կարեւորում է ու նշում՝ հաճախ ինքն էլ է զգում դրա պակասը, օրինակ՝ սցենար գրելիս. 

«Բայց կարծում եմ՝ գրագետ մարդ լինելը շատ կարդացածի կամ կրթություն ունենալու մասին չէ։ Կարող է ծայրահեղական հնչել, բայց երբեմն «կրթված» լինելը մեզ սահմանափակում է, դնում արգելքներ, թույլ չի տալիս սխալվել:  Օրինակ՝ երեխաների համար անհնար ոչինչ չկա, որովհետեւ նրանք մաքուր են, նրանց գլուխը լցված չէ «սա անհնար է»-ի նման արգելքներով: Ընկերներիցս մեկի հետ միշտ քննարկում ենք, որ ճիշտ ռեժիսոր դառնալու համար մենք պետք է երեխա մնանք ու երեխայի նման մտածենք»: 

Ընկնել, երբ վերջնակետին մեկ քայլ է մնացել

Վերջերս իր հետաքրքրությունների ցանկում ավելացել է լեռներ մագլցելը. 

«Սա ինքնաճանաչման լավագույն տարբերակներից է: Առաջին անգամ մագլցելիս հասկացա, որ շատ վախկոտ եմ: Սովորաբար գրեթե չեմ լացում, բայց այդ անգամ վախից սկսեցի լացել: Բարձրանալու ժամանակ ամենաանկեղծն ես ինքդ քեզ հետ»: 

Մոնիկայի խոսքով՝ մագլցման ամենացավոտ պահն ընկնել է, երբ վերջնակետին ընդամենը մեկ փոքրիկ քայլ է մնացել. 

«Թվում է՝ անցել ես ճանապարհիդ ամենաբարդ 99 տոկոսը, մեկ քայլ է մնացել՝ ամենահեշտը, բայց չես խիզախում անել այն եւ ընկնում հետ: Այսպես լինում է նաեւ կյանքում»: 

«Կանաչ»-ից՝ հայրենիք

Մոնիկային հանդիպում ենք նրա ստեղծագործական տարածքում, որն ինքն ու ընկերուհին «Կանաչ» են անվանում: Այն վարձակալել են, ինքուրույն մաքրել, նորոգել, տարածքին բնավորություն ու տրամադրություն հաղորդել. 

«Վերջերս, երբ ինձ հուշեցին, որ այս տարի կայանալիք ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, «Կանաչ»-ի հետ մի զուգահեռ ծնվեց. ստացվում է՝ ես արդեն այնքան հասուն եմ, որ սեփական ստեղծագործական տարածք ու հասուն ունենամ, որ մասնակցեմ ընտրություններին»: 

Մոնիկայի խոսքով՝ մարդը պետք է գիտակցի, որ կյանքում բազմաթիվ մեծ ու փոքր ընտրություններ է կատարում եւ յուրաքանչյուր լավ կամ վատ փոփոխության հիմքում հենց դրանք են.

«Իմ դեպքում «ընտրելու իրավունք» ունենալու գիտակցումը եկավ տարիներ առաջ, երբ ինքնուրույն որոշեցի՝ ինչով եմ ցանկանում զբաղվել: Հետո հաջորդ կարեւոր ընտրությունն էր՝ ունենալ սեփական ստեղծագործական տարածք. ստեղծվեց «Կանաչ»-ը: Ժամանակի ընթացքում հասկացա, որ «իմ տարածք» ասվածը միայն արվեստանոցը չէ, շատ ավելի մեծ է, հայրենիքն է ու այստեղ եւս ես ունեմ ընտրություն»: 

«Նախ պետք է լինի ինքնաճանաչում եւ բացարձակ անկեղծություն հենց ինքդ քո առաջ: Միայն այսպես կարող ես հստակ գիտակցել՝ ինչ ես ցանկանում:  Հետո պետք է խիզախ լինես՝ ցանկությունդ իրականացնելու համար», - ասում է Մոնիկան եւ ընդգծում՝ սա անձնական դաշտից բացի, տարածվում է նաեւ ողջ ազգի վրա. 

«Ցավոք, հիմա մենք խիզախ չենք: Պատմությունն ասում է՝ եղել ենք ժամանակին, բայց ես լիովին վստահ չեմ դրանում: Կարծում եմ՝ եթե իսկապես խիզախ լինեինք, չէինք հասնի այսօրվա կետին: Մեզ մոտ նաեւ ինքնաճանաչման ու անկեղծության խնդիր կա: Ամեն օր խաբում ենք ինքներս մեզ, որ մի բան էլ զիջենք ու այ հիմա՜ ամեն ինչ լավ կլինի»: 

Հավատք, հավատ եւ ուժ 

Մոնիկան կիսվում է՝ վերջին շրջանում ընկերների հետ հաճախ է քննարկում ազգային արժեքների թեման, զրուցում Նժդեհի գաղափարների մասին: Նրա համոզմամբ՝ այսօր «մերը» չափազանց քիչ է։

«Իրական ազգային արժեքն այն է, ինչը ձուլված չէ, փոխառված չէ, այլ մերն է՝ մեր խոսքը, մեր ավանդույթներն ու ներքին մշակույթը», - ասում է նա ու շեշտում՝ այդ արժեքների առանցքում երեք հենասյուն է՝ հավատք, հավատ եւ ուժ. 

«Հավատք՝ Աստծու հանդեպ, հավատ՝ ինքդ քո եւ ուժ, որի հիմքում գիտելիքն ու ինքնաճանաչումն է»: 

Նա նշում է՝ Հայաստանում եղած իրավիճակին ծանոթ լինելու համար կարիք չկա հետեւել այս կամ այն քաղաքական գործչի ելույթներին ու հայտարարություններին, բավարար է նայել մարդկանց մեջ տեղի ունեցող փոփոխություններին. 

«Ինձ համար ակնհայտ է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո տեղի են ունեցել մշակութային եւ հասարակական տեղաշարժեր, որոնք տեսանելի են առօրյայում՝ մարդկանց խոսքում, վերաբերմունքում, արժեհամակարգում։ Պակասել է մաքրությունը»: 

Մոնիկայի կարծիքով՝ այսօր մենք աստիճանաբար կորցնում ենք սեփական ինքնությունը, գնում ձուլման:

«Մեր ինքնության ամենասիրուն կետերից մեկն ինձ համար հյուրընկալությունն է: Գիտեմ, երբեմն կարող է ձեւական լինել, բայց իսկապես շատ սիրուն հատկանիշ է: Մյուսները կորցնում ենք՝ աղջիկների հեզությունը, տղաների խիզախությունը», - ասում է Մոնիկան՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե կարծրատիպերի մասին է, այլ՝ ներքին որակների: 

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում եղած գլխավոր խնդիրներից մեկը սիրո պակասն է.

«Սիրո առկայության դեպքում լուծվում են գրեթե բոլոր խնդիրները: Եթե սիրում ես հայրենիքդ, կարելի է լուծել եւ երթեւեկության հարցը, եւ կրթության. իր հայրենիքի հանդեպ իրական սեր ունեցող ուսուցիչն աշակերտներին տալու է լավագույնը»: 

«Անտարբեր մարդը թույլ է» 

Մոնիկան ասում է՝ անտարբեր մարդիկ իր աչքում թույլ են, որովհետեւ կարծում են՝ փոփոխություն բերելու ուժ չունեն: 

«Անտարբերությամբ իրենք փոքրանում են հենց սեփական աչքում: Բայց ես համոզված եմ՝ յուրաքանչյուրս կարող ենք, պարզապես շատերը դա չեն գիտակցում»: 

«Բայց մի ծաղկով գարուն գալի՞ս է», - հարցնում եմ Մոնիկային: 

«Իհարկե», - պատասխանում է մեծ վստահությամբ: 

Նրա համոզմամբ՝ անտարբերությունը կոտրելու համար պետք է շատ զրուցել մարդկանց հետ. 

«Ես միշտ փորձում եմ խոսել՝ ժամերով, օրերով, ամիսներով: Վերջում մարդիկ հիմնականում համաձայնում են ինձ հետ (ծիծաղում է – հեղ.), բայց ոչ թե համոզում եմ կամ «բռնանում», այլ պարզապես փորձում եմ լիովին անկեղծ լինել: Մարդիկ հավատում են քեզ ու գաղափարիդ, միայն երբ իսկապես անկեղծ ես»: 

«Զարմանում էի՝ ինչու են այդքան վատ կազմակերպում ընտրակաշառքը»

Մանկությունից Մոնիկան ընտրությունների մասին մի քանի հիշողություն ունի, առաջինը՝ բաժանվող ընտրակաշառքների մասին. 

«Փոքր տարիքում հաճախ էի լսում, որ մարդիկ ընտրակաշառք են վերցնում, բայց հետո չեն էլ ընտրում այն բաժանողներին։ Հիշում եմ՝ զարմանում էի, թե ինչու են այդքան վատ կազմակերպում ընտրակաշառքը», - ծիծաղում է ու ավելացնում՝ այս ժամանակ էր, որ առաջին անգամ գիտակցեց՝ երկրում մի բան այն չէ: 

«Միեւնույն ժամանակ, ընտրությունների հետ շատ ջերմ, ընտանեկան ասոցիացիաներ ունեմ: Հավես շրջան էր, որովհետեւ բոլորը՝ մենք, քեռիս, մորքուրս գնում էինք գյուղ՝ տատիկի տուն, որ մեծերը քվեարկեն: Մենք էլ քույր-եղբայրներով ամբողջ օրն ազատ խաղում էինք»:  

«Ունենք ընտրություն, որը միշտ կարող է փոփոխությունների բերել»

«Այս տարվա խորհրդարանական ընտրություններին անպայման մասնակցելու եմ: Այս պահին չեմ տեսնում որեւէ ուժ, որին վստահում եմ: Հավանաբար, կքվեարկեմ մեկին, որը նույնիսկ շանս չունի խորհրդարան անցնելու: Ամեն դեպքում միանշանակ չեմ ընտրի սոցցանցերում անլուրջ քարոզչությամբ զբաղվողներին, մարդկանց, որոնցից որեւէ նոր բան ակնկալել չենք կարող նաեւ ուժերի, որոնք արդեն եղել են իշխանության: Կարծում եմ՝ իմաստ չունի կրկնել փորձը, որն արդեն ունեցել ենք», - ասում է Մոնիկան: 

Նա ուզում է, որ իր հասակակիցները գիտակցեն՝ այս աշխարհում ունեն ընտրություն, որը միշտ կարող է փոփոխությունների բերել. 

«Իհարկե, առաջին հերթին երիտասարդները պետք է գիտակցեն, որ ընտրություն ունեն հենց իրենց կյանքում: Հետո կգա նաեւ գիտակցում, որ իրենց կյանքն ընտանիքն է, ընտանիքը՝ հայրենիքը»: 

Յանա Շախրամանյան 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus