«Ամերիկյան ռումբերը ոչ միայն չեն օգնի, այլեւ կվնասեն Իրանի ցուցարարներին»
«Ամերիկյան ռումբերը կարող են ռեժիմին տալ այն պատումը, որը նա ցանկանում է. ցուցարարները օտարերկրյա աջակցություն ստացող ահաբեկիչներ են, այլ ոչ թե սեփական կառավարությունից հոգնած մարդիկ: Հարվածները կարող են որոշ իրանցիների ստիպել միավորվել դրոշի շուրջ, ինչպես շատերն արեցին 2025 թվականի ամռան ծավալված 12-օրյա պատերազմի ժամանակ, ինչը ռեժիմին արդարացում կապահովի ավելի կոշտ բռնաճնշումների գնալու համար։
Իրանը Վենեսուելա չէ: Ցանկացած ռազմական գործողություն, որը չի տապալի ռեժիմը, կարող է քաջալերել այն եւ հուսահատեցնել ցուցարարներին, ովքեր ավելին էին ակնկալում», - նշել է Բրեմերը։
Նրա խոսքով՝ «Թեհրանը հույս ունի, որ Թրամփը կսահմանափակվի խորհրդանշական հարվածներով»։
«Թրամփն իր նախորդներից պակաս հետաքրքրված է իրանական ռեժիմի փոփոխությամբ։ Նա ցանկանում է, որ Իրանը հրաժարվի իր միջուկային ծրագրից, սահմանափակի բալիստիկ հրթիռների ծրագիրը եւ դադարի աջակցել տարածաշրջանային պրոքսիներին։ Սակայն Իրանի գերագույն առաջնորդը երբեք դա չի անի։ 1988 թվականին Խամենեիի նախորդը՝ այաթոլա Խամեյնին, ընդունեց Իրաքի հետ զինադադարը, որը հետո համեմատեց «թունավորված բաժակից» խմելու հետ։
Խամենեին տասնամյակներ շարունակ հստակ հասկացնում էր, որ չի հետեւելու նրա օրինակին։ Նա կնախընտրի մեռնել, քան ընդունել այն պայմանները, որոնք կապիտուլյացիա է համարում», - ասել է Eurasia Group-ի նախագահը։