Ներկայացնում ենք Պրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Յան-Վերներ Մյուլերի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար։
Յան-Վերներ Մյուլեր
Հիշեք իրավիճակը հունիսի վերջին եւ հուլիսի սկզբին։ Ֆրանսիական ծայրահեղ աջերը համարվում էին արտահերթ խորհրդարանական ընտրությունների ֆավորիտները։ Թրամփիստ դատավորները ԱՄՆ-ում կարգավորում էին նախկին նախագահի իրավական խնդիրնրը, որը ընթանում էր դեպի ջախջախիչ հաղթանակ նախագահ Ջո Բայդենի բանավեճային ահավոր ելույթից հետո: Մեծ Բրիտանիայում, չնայած լեյբորիստների իշխանության գալուն, աննախադեպ հաջողություն էր արձանագրել նոր հակամիգրացիոն կուսակցությունը, որը գլխավորում է Բրեքսիթի առաջամարտիկ Նայջել Ֆարաջը: Այս ֆոնին փորձագետները նախազգուշացնում էին, որ աշխարհի ժողովրդավարական երկրներին պատել է գործող իշխանության դեմ պոպուլիստական դժգոհության ալիքը։
Այսօր այդ կանխատեսումներն նույնքան մռայլ չեն՝ քաղաքական հույսի նոր աղբյուրների շնորհիվ։ «Պոպուլիստական ալիք» չկա, իսկ վերջին իրադարձությունները ի ցույց դրեցին նման ուժերի դեմ պայքարի արդյունավետ ռազմավարությունները։ Անցած ամիսների դասերից մեկը կարող է պարզունակ թվալ՝ ժողովրդավարությունը գնահատող բոլոր կուսակցությունները պետք է համախմբվեն հակաժողովրդավարական սպառնալիքների դեմ։ Դա տեղի ունեցավ Ֆրանսիայում (ի զարմանս շատ փորձագետների)։ Ձախ կուսակցությունները ստեղծեցին Նոր ժողովրդական ճակատը, որը հիշեցնում էր 1930-ականների ֆաշիզմի դեմ պայքարը, երբ սոցիալիստ առաջնորդ Լեոն Բլումը գլխավորել էր կոմունիստների, սոցիալիստների եւ լիբերալների կոալիցիան՝ հանրապետությունը պաշտպանելու համար։
Ազգային ժողովը ցրելու նախագահ Էմանուել Մակրոնի անսպասելի որոշումից հետո ձախերը ստեղծագործ մոտեցում ցուցաբերեցին, իսկ Մարի Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միացում» կուսակցությունը շփոթվեց: Բայց ավելի կարեւորն այն էր, որ նոր Ժողովրդական Ճակատը ոչ թե պարզապես խոսում էր վերացական ժողովրդավարական արժեքների մասին, այլ անընդհատ ուշադրություն էր հրավիրում այն փաստի վրա, որ ծայրահեղ աջերի օրակարգը բիզնեսամետ է, եւ, հետեւաբար, «Ազգային միացումը», հակառակ իր պնդումների, աշխատավորների կուսակցություն չէ։
Երկրորդ դասը տվեցին Միացյալ Նահանգները, որտեղ քչերն էին ակնկալում այն ոգեւորությունն ու ուրախությունը, որով դիմավորեցին դեմոկրատների նոր թեկնածուներին։ Փոխնախագահ Քամալա Հարիսը, թեեւ իշխանության մեջ է, վարպետորեն գործել է որպես փոփոխությունների ներկայացուցիչ՝ ի տարբերություն ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի եւ գործող նախագահ Բայդենի: Փոխնախագահի թեկնածու ընտրված Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզը շատերին ուրախացրեց, երբ հանրապետական թեկնածուներին (հատկապես Ջեյ Դի Վենսին) «աննորմալ» անվանեց։ Կարծես թե դեմոկրատները վերջապես սկսեցին այն կոշտ հռետորական խաղը, որը միշտ օգտագործում էին աջերը:
Այո, քաղաքակիրթ երկխոսության կողմնակից ինքնակոչ ցենտրիստները պակաս երջանիկ են: Նրանք հիշեցնում են դեմոկրատներին, որ Հիլարի Քլինթոնի հայտարարությունները Թրամփի կողմնակիցների «ողորմելի» լինելու մասին վնասել էին նրա 2016 թվականի քարոզարշավին: Սակայն սխալ է «աննորմալ» պիտակը քննադատել որպես մանկական վիրավորանք։ Ծայրահեղ աջ պոպուլիզմի դեմ պայքարում այս որակումը կարող է հատկապես արդյունավետ լինել։
Խնդիրն այն է, որ ծայրահեղ աջ պոպուլիստների պնդումների համաձայն՝ նրանք հանդես են գալիս «իրական մարդկանց» կամ «լուռ մեծամասնության» անունից։ Նրանք իրենց ներկայանում են որպես նորմալության ներկայացուցիչներ։ Գերմանական ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կարգախոսներից մեկն է՝ «Գերմանիա, բայց նորմալ»: Պոպուլիստների ենթադրյալ ընտրողների բազան միշտ ներկայացվում է որպես «հասարակ մարդիկ», որոնց սպառնում են չարամիտ էլիտաները եւ վտանգավոր Ուրիշները: Հենց այդպես են պոպուլիստները վախեր հրահրում խոցելի փոքրամասնությունների հանդեպ:
Խելացի հակապոպուլիստները պետք է իրենց հռետորական կրակը ուղղեն պոպուլիստ առաջնորդների, ոչ թե դրանց կողմնակիցների վրա: Վենսը «աննորմալ է», քանի որ տարված է կանանց մարմինները հսկելու եւ երեխա չունեցողներին պատժելու մոլուցքով, եւ նա ակնհայտորեն համակրում է միապետներին: Հանրապետական կուսակցությունն այսօր որդեգրում է դիրքորոշումներ, որոնք մեծապես շեղվում են ԱՄՆ քաղաքական ավանդույթներից։ Ամենաակնառու օրինակը բացահայտ հիացմունքն է ավտորիտար առաջնորդներով: Այս ամենի մասին կարելի է խոսել՝ առանց Հանրապետական ընտրողներին աննորմալ անվանելու։ Պետք է վիճարկել այն առաջնորդների նորմալության հավակնություններն, որոնք այդպիսին չեն:
Ծայրահեղ աջ պոպուլիստները պնդում են, որ խոսում են լուռ մեծամասնության անունից, բայց իրականում նրանք ներկայացնում են շատ աղմկոտ փոքրամասնության շահերը: Դրանում, իհարկե, վատ բան չկա. բազմաթիվ առաջադեմ շարժումներ սկիզբ են առել հենց այդպես։ Սակայն շարժումները, որոնք իբր խոսում են մեծամասնության անունից՝ սատանայացնելով բոլոր մնացածներին, վտանգ են ներկայացնում ժողովրդավարության համար: Պատահական չէ, որ ընտրություններում պարտված պոպուլիստները հաճախ են ընտրակեղծիքների մասին մեղադրանքներ հնչեցնում։ Քանի որ նրանք իբր ներկայացնում են լուռ մեծամասնությունը, նրանց ընտրական պարտությունը կարելի է վերագրել միայն «լիբերալ էլիտաների» կեղտոտ խաղին, որոնք ինչ-որ կերպ լռեցրել են մեծամասնությանը։
Հակապոպուլիստները պետք է հասկանան, որ մեծամասնությունն իրականում չի աջակցում ծայրահեղ աջ պոպուլիստական ուժերին։ Այս օգտակար եզրակացությունը հաստատում են լեյբորիստական նոր կառավարության առաջին շաբաթները։ Երկրում տեղի ունեցան ամենավատ անկարգություններ վերջին տասնամյակի ընթացքում, քանի որ ապատեղեկատվությունը խթանեց ռասիստական բռնությունը: Ֆարաջը զգուշորեն փորձում էր ուղղակիորեն չաջակցել բռնությունը, բայց հստակ հասկացրեց, որ ջարդարարները օրինական դժգոհություններ ունեն, որոնք կիսում է լուռ մեծամասնությունը: Մինչդեռ հարցումները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր երրորդ բրիտանացիներից միայն մեկն է աջակցում հակամիգրացիոն համատարած ցույցերին, իսկ ճնշող մեծամասնությունը դատապարտում է անկարգությունները:
Այո, «Մենք ավելի շատ ենք» փաստարկը (այս կարգախոսը ներմուծել են Գերմանիայում պոպուլիզմի դեմ պայքարողները) ունի իր սահմանափակումները։ Թեեւ ծայրահեղ աջերը ստում են, երբ հայտարարում են իրենց նորմալության մենաշնորհի մասին, ճշմարտությունն այն է, որ այս կուսակցություններն աստիճանաբար նորմալանում են, քանի որ աջ կենտրոնամետ շատ քաղաքական գործիչներ սկսում են կրկնօրինակել իրենց հռետորաբանությունը կամ կոալիցիա կազմել նրանց հետ: Այս միտումների դեմ պայքարը պահանջում է ավելին, քան պարզապես ժողովրդավարության պաշտպանոթյունը: Պետք է նաեւ դրական ծրագիր առաջարկել։ Հենց դա արեցին ֆրանսիացի ձախերը եւ բրիտանական լեյբորիստները այս ամռանը:
Հարիսի քարոզիչներին ամերիկացիները հարցնելու են՝ ի՞նչ է նա իրականում առաջարկում, բացի Թրամփի եւ Վենսի աննորմալության այլընտրանքից: Դա հիմնավորված հարց է, եւ հակապոպուլիստները պարտավոր դրան լավ պատասխան ապահովել:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org