Չորս տարվա դադարից հետո Լոռու մարզի Լերմոնտովո համայնքն այս տարվա հուլիսին կրկին հյուրընկալեց հայ սկաուտների: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայ Երիտասարդական Ընկերակցության (ՀԵԸ) «Անդրանիկ» սկաուտական ճամբարին 130 սկաուտ է մասնակցում՝ Իրանից, Իրաքից, Սիրիայից եւ Հայաստանից:
Սկաուտական բանակումը վերջին անգամ անցկացվել էր 2018 թվականին, որից հետո համավարակի, այնուհետեւ 2020 թվականի Արցախի պատերազմի հետեւանքով ընդհատվել էր:
«Ինչպես մեր երիտասարդական մյուս ծրագրերի, այնպես էլ «Անդրանիկ» սկաուտական բանակումի գերնպատակը աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներին հայրենիքի հետ կապելն է: 2008 թվականից սկսած Սիրիայի, Իրանի, Իրաքի, Լիբանանի, Ուրուգվայի, Արգենտինայի, ԱՄՆ-ի, Կանադայի տեղական սկաուտական խմբերը 2 շաբաթով համախմբվում են Լերմոնտովոյի «Անդրանիկ» սկաուտական ճամբարում»,- ասում է ՀԲԸՄ Սփյուռքի երիտասարդական ծրագրերի ղեկավար Գայանե Մանուկյանը:
Ճամբարային ծրագրի բաղկացուցիչ մասը սկաուտական միջոցառումներն են, բայց
դրանից զատ՝ նրանք այցելում են տեսարժան վայրեր, գնում արշավների, մասնակցում Հայաստանում ՀԲԸՄ-ի տեղական միջոցառումներին եւ համայնքային նախագծերին՝ ապահովելով դրական փորձառություն եւ ամուր կապ հայրենիքի հետ: Սկաուտական յուրաքանչյուր բանակումի գլխավոր միջոցառումը ավանդական խարույկահանդեսն ու հարիսայի պատրաստման արարողությունն է, որի ժամանակ սկաուտական խմբերը հավաքվում են խարույկի շուրջ՝ պարային ու երաժշտական ծրագրով, ինչպես նաեւ սկաուտական ցուցադրությունով:
Դամասկոսից եկած 23-ամյա Արփի Սարգսյանն առաջին անգամ է մասնակցում սկաուտական ճամբարին: Այն նրա համար նոր փորձառություն է. «Առաջին օրերին մի քիչ դժվար ու անսովոր էր, հետո սովորական դարձավ առավոտ կանուխ արթնանալը, նախաճաշելը եւ մեզնից փոքրերին վերահսկելը, քանի որ դա իմ պարտականություններն էր: Իմ դերը մի քիչ «մամայական» էր սկաուտ-արենուշների համար (ծիծաղում է-հեղ.) անհանգիստները, նեղացածները, օգնության կարիք ունեցողներն ինձ մոտ էին գալիս»:
Արփին նաեւ խոստովանում է՝ բացի նոր ընկերներ ձեռք բերելուց՝ սկաուտ լինելն իրեն ինքնավստահություն եւ ճիշտ որոշումներ կայացնել է սովորեցրել:
Սկաուտական ճամբարին մասնակցելու մեծ փորձ ունեցող Ադիս Սեդրակյանն էլ Իրաքից է եկել Հայաստան: 22-ամյա տղան արդեն երրորդ անգամն է «Անդրանիկ» ճամբարում. «Սկաուտի կյանքն ինձ շատ է դուր գալիս՝ հատկապես այդ համախմբվածությունը, միասին ապրելը, ուտելը, խաղալը, աշխատանքներ կազմակերպելը: Ես առաջին անգամ պիտի խմբապետ լինեմ Իրաքի խմբի համար եւ այս օրերին մյուս խմբապետներից շատ բան սովորեցի»:
Ճամբարում սկաուտներից յուրաքանչյուրն իր պարտականություն ունի՝ պահակ, խոհարար, մատակարար, խմբապետ: Հալեպից եկած Անդրանիկ Քարաոսյանը հասցրել է ե՛ւ պահակ լինել, ե՛ւ մատակարար. «Այստեղ ոչ ոք հենց այնպես չի նստում: Բոլորն ինչ-որ բանի համար պատասխանատվություն են կրում: Դա մեզ կարգապահություն է սովորեցնում, ուրիշի ժամանակը հարգել, ինքդ քեզ վերահսկել, պատասխանատու լինել: Ճամբարը շատ օգտակար է յուրաքանչյուրիս համար»:
Այս օրերի ընթացքում «Անդրանիկ» սկաուտական ճամբարի մասնակիցների համար նաեւ դասախոսություններ եւ հանդիպումներ են կազմակերպվում մեդիագրագիտության, մշակութային, պատմության, ռազմական թեմաներով: Այդ հանդիպումներից հերթականը հուլիսի 31-ին էր կազմակերպվել` երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի հետ, ով սկաուտներին ծանոթացրեց Կոմիտասին, նրա արվեստին եւ մշակութային ժառանգությանը, ինչպես նաեւ կատարեց նրա ստեղծագործություններից:
Արփի Ջիլավյան