Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ «Իրանը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը»
«Մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պատմական եւ մշակութային սերտ առնչությունները հիմք են հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել զարգացնելու համար։ Մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով շարունակելու մեր երկխոսությունը եւ առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը»,- ասել է Մասուդ Փեզեշքիանը՝ վերահաստատելով նախկինում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Այն, որ այսօր ես այստեղ եմ, վկայում է Հայաստանի եւ Իրանի միջեւ ամենաբարձր մակարդակով հարաբերությունները խորացնելու, համագործակցությունն ամրապնդելու մեր հանձնառությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ դրա սկզբունքները՝ միտված տարածարջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը:
Իրանի նորընտիր նախագահը կարեւորել է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղությամբ հետեւողական ջանքերը։
Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը, եւ իրանական կողմը եւս անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը։