ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում պատասխանելով գերմանացի լրագրողի հարցին, Փաշինյանն ասել է.
«Ինչ վերաբերում է սանկցիաները շրջանցելու հետ կապված խոսակցություններին, ես պիտի ընդգծեմ, որ դրանք ավելին չեն, քան խոսակցությունները: Իրականությունն ուղիղ հակառակն է, եւ կբերեմ մի օրինակ: Անցյալ տարվա գարնանն արեւմտյան մի սեփականատեր Հայաստանի Հանրապետությունից է իր տիրապետության տակ վերցրել Ռուսաստանի Դաշնության ավիրաընկերություններից մեկի կողմից օգտագործվող օդանավ: Սա, կարծում եմ, ամենաուղիղ եւ պարզ օրինակն է, երբ մենք ցույց ենք տվել, որ գործողությունների եւ գործունեության օրինականությունը մեզ համար ունի սկզբունքային նշանակություն: Եվ ես չեմ կարծում, որ նման դեպք ունեցող երկրին կարելի է որեւէ այլ ստվերային հանգամանքի մեջ մեղադրել:
Մյուս կողմից, իհարկե, մենք համակ ուշադրությամբ պետք է հետեւենք իրադարձություններին, որ նաեւ մասնավոր հատվածին օգնենք, որպեսզի նրանք այնպիսի գործունեություն ծավալեն, որ չփչացնեն մեր հարաբերությունները որեւէ գործընկերոջ հետ»:
Օլաֆ Շոլցն իր հերթին ասել է.
«Մենք այդ մասին նույնպես խոսել ենք, դա նույնպես մեր հարաբերությունների մաս է: Մենք հույս ունենք, որ այդ սկզբունքները պահպանվում են»: