Azerbaijan Airlines ավիաընկերության Բաքվից Գրոզնի գնացող ինքնաթիռը ընկել է Ղազախստանի Ակտաու քաղաքում։ Օդանավը ստիպված էր փոխել ուղղությունը մառախուղի պատճառով։ Ինքնաթիռում 67 մարդ կար, որից 28-ը փրկվել է։ Որպես վթարի հավանական պատճառ նշում են բախումը թռչունների երամի հետ և տեխնիկական անսարքությունները։
Azerbaijan Airlines (AZAL)-ի Embraer E190AR օդանավը Բաքվից թռել է տեղական ժամանակով 07:55-ին՝ դեպի Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնի։ Սաստիկ մառախուղի պատճառով ինքնաթիռը ստիպված է եղել փոխել ուղղությունը՝ Մախաչկալայում վայրէջք կատարելու համար։ Ավելի ուշ այն ևս մեկ անգամ փոխել է մարշրուտը և ուղևորվել դեպի Ակտաու։ Ղազախական օդանավակայանից ընդհամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա ինքնաթիռն ընկել է։
Գետնին բախվելիս հրդեհ է բռնկվել, որն արագ հանգցրել են։ Օդանավում 67 մարդ կար՝ 62 ուղևոր և 5 աշխատակից։ Ավիաընկերության տվյալներով, երեխաներ ինքնաթիռում չեն եղել։
Ղազախստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել է փրկել 28 հոգու կյանքը։ Ողջ մնացածներից 9-ը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։
Ղազախստանի Տրասնպորտի նախարարությունից հայտնում են, որ ինքնաթիռում գտնվողներից 37-ն Ադրբեջանի քաղաքացիներ էին, 16-ը՝ Ռուսաստանի, 6-ը՝ Ղազախստանի, 3-ը՝ Ղրղզստանի։
Գետնին բախվելիս օդանավը մասերի է բաժանվել։ Հետնամասն առանձնացել ու շրջվել է. հենց այդ հատվածում գտնվող ուղևորներն են փրկվել։
Քրեական գործ է հարուցվել։ Ավիաընկերությունը հայտարարել է, որ վթարի պատճառը շարժիչի մեջ ընկած թռչուններն են, փոխանցում է Sputnik Ադրբեջանը։ Միաժամանակ, «Ինտերֆաքսի» աղբյուրները որպես հիմնական պատճառ նշում են ինքնաթիռի հիմնական համակարգերից մեկի անսարքությունը։ Օդաչուն մինչև ռադարից կորելը հասցրել էր աղետի ազդանշան ուղարկել։
Չվերթը սպասարկող Embraer E190AR ինքնաթիռը շահագործման էր հանվել 11 տարի առաջ։ Բաց հասանելի տեղեկություններից դատելով, այն միշտ պատկանել է AZAL-ին կամ դրա դուրստր Buta Airways ընկերությանը։
The post Բաքու-Գրոզնի ինքնաթիռի վթարից փրկվել է 28 մարդ first appeared on Epress.am.