Ներկայացնում ենք Իրանի փոխնախագահ, Իրանի նախկին արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ The Economist պարբերականում հրապարակված A new Iranian approach to regional security and prosperity հոդվածի հայերեն թարգմանությունը:
Մոհամադ Ջավադ Զարիֆ
Որպես միջազգային հարաբերությունների մասնագետ, որը տասնամյակներ շարունակ համաշխարհային դիվանագիտության առաջնագծում է, ես գրում եմ այդ հոդվածը ոչ թե որպես Իրանի կառավարության ներկայացուցիչ, այլ բացառապես իմ անձնական կարգավիճակով:
Փորձս ինձ սովորեցրել է, որ Արեւմտյան Ասիայում, մասնավորապես, Պարսից ծոցի տարածաշրջանում, կայունության հասնելու համար անհրաժեշտ է ավելին, քան պարզապես ճգնաժամի կառավարում: Այն պահանջում է համարձակ, հեռատես նախաձեռնություններ: Ես առաջարկում եմ ստեղծել Մահմեդական Արեւմտյան Ասիայի երկխոսության ասոցիացիա (MWADA) ՝ որպես այս վերափոխման հասնելու մեխանիզմ:
MWADA-ն հրավիրում է Արեւմտյան Ասիայի բոլոր հիմնական մահմեդական երկրներին՝ Բահրեյնին, Եգիպտոսին, Իրանին, Իրաքին, Հորդանանին, Քուվեյթին, Լիբանանին, Օմանին, Քաթարին, Սաուդյան Արաբիային (դրա ապագա կառավարությանը), Սիրիային, Թուրքիային, Արաբական Միացյալ Էմիրություններին եւ Եմենին համապարփակ բանակցություններ վարել։ Կարող են մասնակցել նաեւ ՄԱԿ-ի համապատասխան բանագնացները: Այս նախաձեռնությունը պետք է հիմնված լինի մեր ընդհանուր կրոնի՝ իսլամի վեհ արժեքների եւ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, չմիջամտելու եւ հավաքական անվտանգության սկզբունքների վրա։ Mwada-ն (ինչը նշանակում է «բարեկամություն» արաբերենով՝ մեր հավաքական աղոթքների լեզվով) պետք է նպատակաուղղված լինի խաղաղ գոյակցության եւ հավասար գործընկերության խթանմանը:
Հիմնական առաջնահերթությունը Գազայում, Լիբանանում, Սիրիայում եւ Եմենում կայուն, մշտական հրադադարի անհապաղ հաստատումն է։ MWADA-ն՝ պետությունների միջեւ չհարձակման պայմանագիրը, զուգորդված հավաքական տարածաշրջանային մոնիտորինգով, կօգնի ինստիտուցիոնալացնել կայունությունը եւ պաշտպանել տարածաշրջանը արտաքին միջամտությունից, ինչպես նաեւ ներքին բախումներից:
Տնտեսական ինտեգրումը նույնպես կենտրոնական տեղ է զբաղեցնում այս տեսլականում: Արեւմտյան Ասիայում փոխկախվածության բացակայությունը բխում է մասնատված առեւտրային ցանցերից, անբավարար ուշադրությունից ներտարածաշրջանային բանկային եւ վճարային մեխանիզմների զարգացմանը, քաղաքական մրցակցությունից եւ արտաքին շուկաներից կախվածությունից:
Առաջարկվող MWADA Զարգացման հիմնադրամը կֆինանսավորի կարեւոր ենթակառուցվածքային ծրագրերը, հատկապես ավերված հետկոնֆլիկտային շրջաններում: Բացի այդ, Սիրիայում կառավարման բարեփոխումները, որպես տնտեսական աջակցության հիմք, կխթանեն հաշվետվողականությունը եւ հիմք կդնեն անվտանգ եւ կայուն երկրի համար, որտեղ կբարգավաճեն կանայք ու փոքրամասնությունները:
Սիրիան Ասադից հետո մեծ մարտահրավեր է բոլորիս համար։ Իսրայելի անզուսպ ագրեսիան, որն արհամարհում է Սիրիայի ինքնիշխանությունը, արտաքին միջամտությունը, որը խաթարում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, բռնության ու դաժանության սարսափելի տեսարանները, որոնք հիշեցնում են «Իսլամական պետության» վայրագությունը, էթնիկ եւ աղանդավորական բռնությունը, որոնք կարող են հանգեցնել մեծ քաղաքացիական պատերազմի, պետք է լինեն MWADA-ի անհապաղ ուշադրության կենտրոնում։
Հումանիտար աղետը Պաղեստինում նույնպես կարեւոր է տարածաշրջանային կայունության համար: MWADA-ն պետք է առաջնահերթություն տա պաղեստինցիների ինքնորոշմանը եւ աջակցի արդար լուծումներին՝ հարգելով ժողովրդի ձգտումները: Պետք է լինեն ոչ միայն քաղաքական լուծումներ, այլեւ տնտեսական հնարավորություններ եւ պաղեստինցիների իրավունքների ճանաչում։
MWADA-ն պարարտ հող կապահովի ենթակառուցվածքային նախագծերի համար՝ տրանսպորտից մինչեւ էներգետիկ խողովակաշարեր ու հեռահաղորդակցության ցանցեր: Դրանք հեշտացնում են ոչ միայն ապրանքների տեղաշարժը, այլեւ էներգիայի, տեղեկատվության եւ ծառայությունների փոխանակումը։ Մենք՝ Արեւմտյան Ասիայում ապրողներս, պետք է հասկանանք, որ անկախությունը միահյուսված է համաշխարհային ավելացված արժեքի շղթայում երկրի մասնաբաժնի հետ:
Էներգետիկ անվտանգության երաշխիքները փոխադարձ կախվածության եւս մեկ հնարավորություն են տալիս։ Տարածաշրջանային էներգետիկ համաձայնագրերը պետք է ուղղված լինեն երթուղիների պաշտպանությանը եւ կայուն էներգետիկ ռեսուրսների հետազոտմանը: Իրանական բարձրավանդակը եւ MWADA համայնքի այլ տեղանքները, որոնք վիթխարի չօգտագործված ներուժ ունեն արեւային էներգիայի եւ հողմակայանների տեսանկյունից, տնտեսապես իրագործելի են դարձնում մաքուր էներգիայի ոլորտում համագործակցությունը տարածաշրջանում եւ նույնիսկ դրանից դուրս:
MWADA-ն կարող է նաեւ ազդարարել նոր տարածաշրջանային համագործակցություն ազատ նավագնացության ոլորտում, ներառյալ համատեղ ծովային անվտանգության պարեկությունը: Տարածաշրջանում են ռազմավարական կարեւորագույն կետերը՝ Հորմուզի նեղուցը, Սուեզի ջրանցքը եւ Բաբ ալ-Մանդաբ նեղուցը: Իրանը՝ իր աշխարհագրությամբ եւ անվտանգության փորձով, եզակի դիրք ունի՝ նպաստելու Հորմուզի նեղուցի նման ջրային ուղիների անվտանգությանը: Մյուսները կարող են առաջատար դեր խաղալ Սուեզի եւ Բաբ ալ-Մանդաբի ապահովման գործում: Շուրջ հինգ տարի առաջ Իրանի կողմից ներկայացված «Հորմուզի խաղաղության առաջարկը» կամ հույսը տարածաշրջանային նախաձեռնության նշանակալից օրինակ էր, որն ուղղված էր Հորմուզ համայնքում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը` միավորելով բազմաթիվ պետություններ: MWADA-ն կարող է նոր կյանք հաղորդել այդ առաջարկին՝ առաջին հերթին Իրանի, ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ այսօր բարելավված հարաբերությունների շնորհիվ: Իրանի եւ Սաուդյան Արաբիայի՝ տարածաշրջանի ամենաազդեցիկ տերություններից երկուսի միջեւ համագործակցությունը վճռորոշ դեր կխաղա: Շիա եւ սուննի մահմեդականների միջեւ միասնությունն ու եղբայրությունը խթանելով՝ մենք կդիմակայենք ծայրահեղականությանը եւ աղանդավորական հակամարտություններին, որոնք մշտապես ապակայունացրել են տարածաշրջանը:
Միջուկային զենքից զերծ տարածաշրջանի ուղղությամբ աշխատելը եւ Իրանի միջուկային համաձայնագրի (ՀԳՀԾ) վերակենդանացումը այս տեսլականի կարեւոր բաղադրիչներն են: Այս մոտեցումը ոչ միայն պետք է անդրադառնա միջուկային զենքի տարածմանը, այլեւ ամրապնդի խաղաղության եւ կայունության հավաքական հանձնառությունը: MWADA-ի շրջանակը պետք է նաեւ առաջնահերթություն տա համագործակցությանը մշակութային փոխանակումների, ջրի կառավարման, հակաահաբեկչության եւ մեդիա արշավների ոլորտում, որոնք նպաստում են համակեցությանը:
Իրանի դերը
Ինչպես մյուս մասնակիցները, Իրանն էլ անփոխարինելի դեր կունենա։ Անցած 45 տարիների ընթացքում իմ երկիրը ցուցաբերել է զգալի ճկունություն եւ ինքնաբավություն անվտանգության եւ պաշտպանության ոլորտում՝ գոյատեւելով եւ նույնիսկ զարգանալով ոչ միայն առանց արտաքին աջակցության, այլ ի հեճուկս արտատարածաշրջանային տերությունների ճնշմանը։
Համատարած կարծիքը, որ Իրանը կորցնում է իր ուժը տարածաշրջանում, հիմնված է սխալ ենթադրության վրա, որ Իրանը հովանավորչական հարաբերություններ է ունեցել դիմադրության ուժերի հետ: Դիմադրության արմատները Իսրայելի կողմից արաբական հողերի օկուպացիան եւ իսլամական սրբավայրերի պղծումն է, ապարտեիդը, ցեղասպանությունը եւ հարեւանների դեմ մշտական ագրեսիան: Այն գոյություն ուներ մինչեւ 1979 թվականի Իրանի հեղափոխությունը եւ կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կան դրա հիմնական պատճառները: Այն Իրանին վերագրելու փորձը նպաստում է հանրային կապերի քարոզարշավի, բայց կխոչընդոտի խնդրի լուծմանը:
Ինչպես բոլոր ազգերը, Իրանը բախվել է մարտահրավերների եւ սխալ քայլեր արել: Իրանի ժողովուրդը, գնալով զգալի զոհողությունների, այժմ պատրաստ է համարձակ քայլեր ձեռնարկելու՝ տոկունությամբ եւ վստահությամբ։ Անցումը սպառնալիքներից դեպի հնարավորությունների վրա հիմնված հեռանկարը համահունչ է նախագահ Պեզեշքիանի (եւ իմ) տեսլականին, որն ուրվագծվել է անցյալ ամառ Իրանում նախագահական քարոզարշավի ժամանակ:
MWADA-ն մեզ կստիպի տարածաշրջանը տեսնել ոչ որպես մարտադաշտ, այլ որպես «մվադայի»՝ բարեկամության եւ կարեկցանքի կենտրոն, որը բնութագրվում է ընդհանուր հնարավորությունների եւ հավաքական բարգավաճման ձգտումով: Կարեւոր է ներգրավվել բովանդակալից եւ անկեղծ խոսակցության մեջ, որոնք թույլ կտան կերտել ապագա, որը սահմանվում է համագործակցությամբ, համատեղ եւ կայուն զարգացմամբ, սոցիալական արդարությամբ, բարեկեցությամբ եւ նոր հույսով:
Արեւմտյան Ասիան խաղաղության եւ համագործակցության փարոսի վերածելը իդեալիստական ձգտում չէ. դա եւ՛ ռազմավարական հրամայական է, եւ՛ իրագործելի նպատակ, որը պահանջում է միայն հանձնառություն, երկխոսություն եւ ընդհանուր տեսլական: MWADA-ն կարող է վերափոխման հարթակ դառնալ: Եկե՛ք օգտվենք այս հնարավորությունից՝ կառուցելու կայուն, բարգավաճ եւ խաղաղ Արեւմտյան Ասիա, որտեղ կարեկցանքը, փոխըմբռնումը եւ համագործակցությունը կփոխարինեն տարաձայնություններն եւ պառակտումը:
Մեր կառավարությունների ներկայացուցիչները պետք է օգտվեն հնարավորությունից եւ սկսեն նայել դեպի ապագան, ոչ թե մնալ անցյալի գերին: Գործելու ժամանակը հիմա է:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org