Իսրայելի ռազմական ինքնաթիռները տասնյակ հարվածներ են հասցրել Սիրիայի ողջ տարածքում տեղակայված օբյեկտների ուղղությամբ, հայտնում են սիրիական աղբյուրները։ Առավոտյան պայթյուններ են հնչել նաև մայրաքաղաք Դամասկոսում։ Իսրայելի պաշտպանության բանակն այս տեղեկությունները չի մեկնաբանել։ Բուֆերային զոնայից դեպի Սիրիայի խորքեր ցամաքային առաջխաղացման մասին լուրերն իսրայելցի պաշտոնյաները հերքում են՝ հայտարարելով, որ պատրաստվում են անել հնարավոր ամեն բան «ծայրահեղականներին» զենքի հասանելիությունից զրկելու համար։
AFP-ի թղթակիցները գրում են, որ առավոտյան Դամասկոսում ուժգին պայթյուններ են հնչել։ Լուսանկարներում ծխի սյուներ են երևում։
Մեծ Բրիտանիայից աշխատող Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը (SOHR) հաղորդում է այսօր հնչած ավելի քան 100 պայթյունների մասին։ Վերջին երկու օրերի ընթացքում ընդհանուր առմամբ Իսրայելն ավելի քան 250 ավիահարված է հասցրել։ Թիրախում Բաշար Ասադի ռեժիմից մնացած ռազմական օբյեկտներն են։
SOHR-ը գրում է, որ «ամենակարևոր զինվորական նշանակության օբյեկտներն արդեն ոչնչացվել են»։ Այդ թվում են ռազմական օդանավակայանները, ավիացիոն էսկադրիլիաները, ռադարները, ազդանշանային կայանները, զենքի ու զինամթերքի պահեստները, գիտահետազոտական կենտրոնները, հակաօդային պաշտպանության համակարգերը և երկրի հյուսիս-արևմուտքի Լատակիա քաղաքի նավահանգստում գտնվող ռազմական նավերը։
Իսրայելի օդային հարձակումը Սիրիայի վրա սկսվել է դեկտեմբերի 8-ի երեկոյան։ Պայթյուններ են հնչել երկրի բոլոր շրջաններում։ Դեկտեմբերի 9-ի երեկոյան Reuters գործակալությունը գրում էր, որ իսրայելական օդանավերը հարձակվել են առնվազն երեք խոշորագույն ավիաբազաների վրա, որոնցում տասնյակ ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ կային։
Իսրայելական ուժերը թիրախավորել են նաև հետազոտական կենտրոնը, որն Իրանի կողմից օգտագործվում էր որպես հրթիռաշինության համալիր։
Լուրեր են շրջանառվում նաև իսրայելական բանակի ցամաքային առաջխաղացման մասին։ Reuters-ի սիրիական աղբյուրների համաձայն, իսրայելական զինվորականները ներխուժել են Սիրիայի հարավ, որոշ զինախմբեր գտնվում են Դամասկոսից ընդհամենը 25կմ հեռավորության վրա՝ դեպի հարավ-արևմուտք։ Գործակալության զրուցակիցներից մեկը նշել է, որ իսրայելական զորքը հասել է Կատանա բնակավայր, որը գտնվում է դեմիլիտարիզացված գոտուց 10կմ դեպի արևելք։ Այդ բնակավայրն է բաժանում Իսրայելի զավթած Գոլանի բարձունքները Սիրիայից։
Իսրայելական զինվորականները ցամաքային առաջխաղացման մասին լուրերը հերքում են, պնդում են, որ իրենց ուժերը շարունակում են մնալ բուֆերային գոտում։
ՄԱԿ-ը հայտարարել է, որ նույնիսկ օկուպացված Գոլանի բարձունքներում տեղակայված բուֆերային զոնայի ներսում իսրայելական զորքերի տեղաշարժերը հակասում են 1974 թվականին Սիրիայի և Իսրայելի միջև ձեռք բերված համաձայնությանը։ Բաշար Ասադի հեռանալուց գրեթե անմիջապես հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, սակայն, հայտարարել էր, որ այդ համաձայնգիրը կորցնում է իր ուժը։
Իսրայելը Գոլանի բարձունքները գրավել էր 1967 թվականի վեցօրյա պատերազմի ժամանակ։ Ավելի ուշ համաձայնության էին եկել ՄԱԿ-ի վերահսկողությամբ դեմիլիտարիզացված բվուֆերային գոտի ստեղծելու մասին։
Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրել՝ Ասադի հեռանալուց հետո Սիրիայում իրավիճակը քննարկելու համար։
Սիրիան գրաված խմբավորումների մասին ավելի մանրամասն՝ այստեղ
The post Իսրայելն առիթից օգտվում է նաև Սիրիայում first appeared on Epress.am.