Առաքում պատվիրող օգտատերերը կկարողանան, ըստ ցանկության, իրենց հարմար գումարով միանալ նվիրատվություններին՝ հօգուտ չորս բարեգործական հիմնադրամների։ Այս մեխանիզմն արդեն գործում է ուղեւորություններ պատվիրելիս։
Yandex Go-ում «Օգնենք միասին» մեխանիզմը գործարկվել է 2024 թվականի ամռանը։ Ծրագիրը թույլ է տալիս հեշտ ու հարմար տարբերակով օգնել բարեգործական կազմակերպություններին՝ հավելվածում քարտով վճարելիս միացնելով նվիրատվությունները՝ հօգուտ չորս հիմնադրամների: Սկզբում մեխանիզմն աշխատում էր միայն ուղեւորություններ պատվիրելիս, իսկ այժմ՝ նաեւ առաքման պատվերների համար։
Աջակցելու համար պետք է «Օգնենք միասին» բաժնում ընտրել գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ․գումարն ավելանում է յուրաքանչյուր պատվերի արժեքին: Յուրաքանչյուր ամսվա վերջում Yandex Go-ն իր կողմից լրացուցիչ գումարով բազմապատկում է օգտատերերի նվիրատվությունները, ինչպես նաեւ իր վրա է վերցնում բոլոր վարչական ծախսերը եւ վճարային օպերատորների միջնորդավճարը բարեգործական հիմնադրամներին փոխանցում կատարելիս։
Նվիրատվությունների բաժանորդագրությունը կարելի է միացնել եւ անջատել ցանկացած պահի:
Ծրագրի մեկնարկից սկսած՝ բարեգործությանն արդեն ուղղվել է ավելի քան 10 մլն դրամ, իսկ ծրագրին միացել է ավելի քան 5 200 մարդ:
«Մեծաթիվ մարդկանց կողմից նույնիսկ 10 դրամի ամենօրյա ներդրումը ստեղծում է աջակցության կայուն աղբյուր, որն օգնում է կազմակերպություններին պլանավորել եւ իրականացնել իրենց նախագծերը: Ուրախ եմ, որ մեր ծառայություններն օգնում են սովորական դարձնել հենց համակարգային օգնությունը», – ասել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։
«Անչափ ուրախ ենք, որ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի եւ Հայաստանում քաղցկեղով հիվանդ փոքրիկների կողքին է մեր լավ գործընկեր եւ բարեկամ Yandex Armenia-ն։ Ընկերության հետ համատեղ իրականացվող «Օգնենք միասին» ծրագրի շրջանակում արդեն իսկ ունենք գրանցած մեծ հաջողություններ։ Ծրագրի արդյունքում ստացված ողջ նվիրատվություններն անմիջապես ուղղվում են մեր շահառու փոքրիկների բուժման նպատակներին (հետազոտություններ եւ դեղորայք)», – ասել է Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:
Ծրագրի շրջանակում հավաքված բոլոր միջոցները Yandex Armenia-ն ուղղում է ծրագրի ենթակառուցվածքային գործընկեր «ՆԻԿԱ» հիմնադրամ, որը հավասարապես բաշխում է այն չորս բարեգործական կազմակերպությունների միջեւ՝ «Շտապիր դեպի բարին», «Սիթի օֆ Սմայլ», «Հայ մայրեր» եւ «VIVA»։