Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի նախկին վարչապետ, իշխող կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի և կառավարության որոշ անդամների դեմ։ Զելենսկին պատժամիջոցների ենթարկված անձանց մեղադրել է «Վրաստանի և նրա ժողովրդի շահերը վաճառելու» մեջ և կոչ է արել եվրոպացի գործընկերներին և Միացյալ Նահանգներին միջոցներ ձեռնարկել։
«Իրավիճակը Վրաստանում մեկ ժողովրդի և միայն մեր տարածաշրջանի խնդիրը չէ։ Վրաստանի իշխանությունը երկիրը տանում է դեպի Ռուսաստանից միանշանակ կախվածություն։ Ուղղակի ամոթ է, թե ինչու են նրանք հիմա գնում սեփական ժողովրդի դեմ», – ասել է Զելենսկին։
Սև ցուցակում է հայտնվել 19 անձ, այդ թվում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին, ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, դատավորներ և պատգամավորներ։
«Սրանք պատժամիջոցներ են Վրաստանի կառավարության այն հատվածի դեմ, որը Վրաստանը հանձնում է Պուտինին», – հայտարարել է ՌԴ-ի սկսած լայնածավալ պատերազմին դիմադրող Ուկրաինայի նախագահը։
Վրաստանում 7-րդ օրն է չեն դադարում բողոքի ակցիաները, որոնք զուգորդվում են զանգվածային բռնությամբ, ցուցարարների դաժան ձերբակալություններով։ Բողոքի խթան հանդիսացավ վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ մինչև 2028 թվականը Եվրամիության հետ բանակցությունների կասեցման մասին հայտարարությունը:
The post Ուկրաինան պատժում է Վրաստանի պուտինական ղեկավարներին first appeared on Epress.am.