Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության և բնակապահովման ծրագրերի բարելավմանն ուղղված նոյեմբերի 30-ին կայանալիք բողոքի ցույցն անժամկետ հետաձգվեց․ Կառավարությունը զիջումների է գնացել և նոր խոստումներ տվել փախստականներին։ Մի շարք փոփոխություններ են սպասվում բնակապահովման ծրագրում։ Մասնավորապես, կվերանայվի մեկ անձին տրամադրվող գումարի չափն՝ ըստ որոշ բնակավայրերի, քաղաքացիության պահանջը կլինի միայն սերտիֆիկատներն իրացնելու ժամանակ, կներդրվի սոցիալական բնակարանների ծրագիրը և այլն։
Ղարաբաղցի հանրային գործիչ Լիաննա Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ Կառավարության հետ քննարկումները երկու օր են տևել, համաձայնության են եկել մի շարք հարցերի շուրջ․
— Մեկ անձին տրամադրվող գումարի չափի վերանայում՝ ըստ որոշ բնակավայրերի։
— Դիմելու պահի դրությամբ քաղաքացիության պահանջի բացառում. Քաղաքացիության պահանջը կծագի սերտիֆիկատն իրացնելու պահից։
— Արտոնյալ պայմաններ կառուցապատման դեպքում։
— Հողամասի ձեռքբերման սահմանաչափի վերանայում. գործող նվազագույն 400 քմ-ի փոխարեն հողամասի և կառուցվելիք տան քմ-ների հարաբերակցության գործակցի սահմանում (նախնական՝ 60 տոկոս)։
— Տրամադրվող գումարից 2 մլն-ի փոխարեն մինչև 4 մլն-ի հնարավորություն՝ հողի ձեռքբերման համար։
— Անհատական բնակելի տան կառուցման համար այլ՝ լիցենզավորված նախագծերի ներկայացում։
— Լրացուցիչ վարկավորման անհրաժեշտության դեպքում նվազագույն 50 տոկոսի պարտադիր պայմանի չեղարկում։
— Տրամադրվող աջակցությունից 10 տոկոսը որպես կանխավճար օգտագործելու հնարավորություն։
— Յուրաքանչյուր անձի հաշվով նվազագույն 12 քմ չեղարկում մինչև 9քմ, շեղում՝ մինչև 3 քմ-ի հնարավորությամբ։
— Սոցիալական բնակարանների ծրագրի ներդրում։
— 2022 և 2024 թթ հավաստագրերի միացման կամ միայն 2024 թ հավաստագրերում ընդգրկման հնարավորություն։
— Կերակրողին կորցրածի, զոհվածի ընտանիքներն տրամադրվող աջակցության չափի, ինչպես նաև բոլոր դեպքերով անհատական բացառությունների քննարկում։
40+10 սոցաջակցությունն, ըստ Պետրոսյանի, ապրիլից չի շարունակվի։ Սակայն, եթե նոր ծրագրի ներդրումով կլինեն մարդիկ և ընտանիքներ, որ կհայտնվեն սոցիալական ծանր վիճակում, Կառավարությունը սիտուատիվ լուծումներ կտա։
«Նախատեսվում է միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում, որի շրջանակում կիրականացվեն անհատական դեպքերի ուսումնասիրություններ։ Այս համատեքստում հնարավոր է օբյեկտիվ պատճառներով Օպերատիվ շտաբի տվյալների և 100 հազ ծրագրի շահառու չհանդիսացած անձանց տվյալների վերանայում և նրանց ընդգրկումը աջակցության ծրագրերում», – գրել է Պետրոսյանը։
Վերջերս Կառավարության որոշմամբ՝ փախստականներին տրամադրվող 40+10 հազար դրամի սոցաջակցությունը երկարաձգվեց մինչև ապրիլ, որից հետո, սակայն, դրանից օգտվողների շրջանակը կփոքրանա․ օգնությունը կտրամադրվի երեխաներն, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցողները, 63+ տարիքի անձինք, ինչպես նաև զոհվածի, կերակրողին կորցրածի ընտանիքները։
Զուգահեռ դրան մարտից գործող բնակապահովման «2+5 միլիոն» ծրագիրը կարծես թե ձախողվել է։ Ըստ Պետրոսյանի սերտիֆիկատների համար դիմումների քանակը շատ քիչ է, նրա տվյալներով՝ մինչ այսօր ընդամենը երեսուն հավաստագիր է տրամադրվել։ Թե դրանցից քանիսն են իրացվել, որևէ վիճակագրություն չկա։ Epress.am-ի հետ զրույցում արցախցիները բողոքում են՝ «40+10» ծրագրից հրաժարվելու միակ նախապայմանը «2-5 միլիոն» բնակապահովման ծրագրի ամբողջական վերանայումն է։
Այս խնդիրների շուրջ նոյեմբերի 30-ին նախատեսվում էր բողոքի ցույց Ազատության հրապարակում, որը, սակայն, չկայացավ։ «Գործընթացները տեղափոխվել են լայն հանրային քննարկման դաշտ», – գրել է արցախցի հանրային գործիչը։
The post Ղարաբաղցիների ցույցը չեղարկվեց․ կառավարությունը խոստումներ է տվել first appeared on Epress.am.