Նոյեմբերի 23-ին Վենետիկի AKNEYE ֆիջիթալ սփեյսը փակել է իր դռները՝ նշանավորելով Բիենալեի ընթացքում AKNEYE-ի ճանապարհորդության ավարտը: Վեց ամսվա ընթացքում 31 արվեստագետ աշխարհի տարբեր անկյուններից միավորվել էին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ ցուցադրելով ոչ միայն անհատական, այլեւ հավաքական ստեղծագործության ուժը:
Փակման արարողությանը ներկա էին բազմաթիվ նշանավոր հյուրեր, արվեստասերներ, համադրողներ եւ կոլեկցիոներներ՝ տոնելու AKNEYE-ի հանձնառությունը՝ խթանելու նորարարությունն ու ստեղծագործությունը ֆիզիկական եւ թվային արվեստի խաչմերուկում: Միջոցառման ժամանակ տեղի է ունեցել արվեստագետ Զեյնեփ Չիլեք Չիմենի արվեստի կենդանի ցուցադրությունը, ինչին հետեւել է գալա ընթրիքը խորհրդանշական Մուրանո կղզում:
Կայացել է AKNEYE-ի թերեւս ամենայուրահատուկ գործակցությունը բրիտանացի հայտնի նկարիչ Սաշա Ջաֆրիի հետ: Ինչպես համաճարակի ժամանակ արվեստագետն ստեղծել էր Գինեսի ռեկորդների գրքում տեղ գտած աշխարհում ամենամեծ կտավը, այնպես էլ փակման միջոցառման օրը հյուրերի աչքի առաջ նկարել է ամենամեծ ակնի վրա:
«AKNEYE-ը նորարարական հարթակ է նորաստեղծ եւ կայացած արվեստագետների համար: Երբ մի քանի ամիս առաջ ծանոթացա ծրագրին, վստահ էի, որ պիտի հետաքրքիր ճանապարհ անցնի, եւ այդպես էլ եղավ: AKNEYE-ի ծրագիրը միջավայր է, որը կապում է արվեստը, մշակույթը, նորարարությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, վիրտուալը, NFT-ն եւ բնականաբար բիզնեսը: Շատ կարեւոր եմ համարում, որ այս ծրագիրը կարողացավ հայ եւ միջազգային արվեստագետներին միավորել իր շուրջը եւ նոր հնարավորություններ տալ՝ զարգանալու»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը:
«Սաշայի աշխատանքի ֆիզիկական բնույթը՝ զուգակցված AKNEYE-ի եւ Fastex-ի թվային բնույթի հետ, շատ հետաքրքիր համագործակցություն է բոլորիս համար: Այս երեկո մենք տեսանք, թե ինչպես Սաշան Դուբայի իր արվեստանոցից կենդանի կատարմամբ ստեղծեց իր ֆիզիկական AKNEYE քանդակը՝ ներկաներին հաղորդելով աներեւակայելի մեծ փորձառություն Վենետիկի բիենալեի վերջին շաբաթվա ընթացքում», - նշել է Սաշա Ջաֆրիի Ստուդիոյի տնօրեն Ֆալգունի Ուիդոնը:
Հրավիրվածների թվում էին AKNEYE-ի ստեղծման գաղափարակիր Անահիտ Բադալյանը, ֆասթեքսի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, Կա՛ Ֆոսկարիի համալսարանի Արվեստի պատմության դասախոս եւ համադրող Սիլվիա Բուրինին, Սաշա Ջաֆրիի Ստուդիոյի տնօրեն Ֆալգունի Ուիդոնը եւ այլք: