Երևանյան «Բան» ակումբում ոստիկանական ռեյդից հետո սկսված դատավարությունը մոտենում է ավարտին։ Նոյեմբերի 21-ին նախավերջին դատական նիստն էր։
Քրեական գործով անցնող Ելիզավետա Դանիլիչևային մինչև 8 տարի ազատազրկում է սպառնում։ Նախորդ նիստին Ելիզավետային համարյա ազատ են արձակել՝ 6-ամսյա տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ։ Մինչ այդ նա մոտ 9 ամիս պահվել է Աբովյանի բանտում։ Ելիզավետա Դանիլիչևային մեղադրում են 1.95 գրամ մետամֆետամին և 5.8 գրամ մարիխուանա պահելու և իրացնելու մեջ։ Ռեյդի ժամանակ 0․48 գրամ մետամֆետամինը հայտնաբերվել է Դանիլիչևայի մոտ, 1․47 գրամ մետամֆետամինը և 5․8 գրամ մարիխուանան՝ ակումբի հանդերձարանում, որտեղ այդ պահին ևս 4 հոգի կար։ Բոլոր ներկները պնդում են, որ թմրանյութը սենյակ է բերել փարթիին եկած մի տղա, որի դուրս գալուց անմիջապես հետո ներխուժել են ոստիկանները։ Իրացման փաստեր քննիչներն առհասարակ չունեն, մարիխուանայի և 1․47 գրամ մետամֆետամինի հետ Դանիլիչևայի կապը ապացույցներով հիմնավորված չէ։
Հիշեցնենք՝ անցած տարվա հունիսի 24-ին պարեկները մտել էին Բաղրամյան պողոտայում գործող «Բան» ակումբ։ Ակումբի այցելուներին, որոնց մեծ մասը հրավիրված էր հարսանեկան աֆթերփարթիի, փակել էին ներսում, մի քանի ոստիկանական բրիգադ կանչել և բոլորին՝ 38 հոգի, տարել Արաբկիրի բաժին։ Բաժնում մարդկանց ծեծել, նվաստացրել, հայհոյել, խեղդել և մերկացրել էին։ Զանգի իրավունք ոչ ոք չի ունեցել, թարգմանիչ չի հատկացվել։ 3 հոգու ձերբակալել էին, մյուսներին՝ ժամեր անց ազատ արձակել։ Մեղադրանք էր առաջադրվել միայն Ելիզավետային։
Հետագայում քրեական գործ էր հարուցվել նաև խոշտանգումների հոդվածով․ ակումբից բերման ենթարկվածները արձանագրել էին մարմնական վնասվածքները և հաղորդում ներկայացրել։ Այդ գործով որևէ առաջընթաց առ այսօր չկա։
Տեսանյութում Ելիզավետա Դանիլիչևային պատմում է ոստիկանական ռեյդի, քրեական գործի և իր ազատազրկման մասին (ռուսերեն)։
Տե՛ս նաև․
Տարեց ոստիկանը մտավ ու ապտակեց․ դատ
Ակումբում ռեյդը բարդել են մի կնոջ վրա․ դատ
Ոստիկանները դուխով ծեծում ու նվաստացնում էին տասնյակ մարդկանց
The post Ոստիկանությունից հետո բանտը փառք էր first appeared on Epress.am.