3 ամսվա ընդմիջումից հետո այսօր հայտարարվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը: ԱԱ-2018-ի ընտրական մրցաշրջանում թիմի ղեկը ստանձնելու է «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը:
Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում մարզիչն ասել է, որ այդ որոշումը հեշտությամբ է կայացրել:
«Ազգի համար ես ամեն ինչ էլ պատրաստ եմ անել: Մաքսիմալիստ եմ ու ձգտելու եմ առավելագույնին: Գիտեմ, որ գերլարված աշխատանք է սպասվում, ու ձգտելու եմ ցույց տալ լավ արդյունք: Մեր առաջնային նպատակն է լինելու ագրեսիվ, համարձակ ու գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել»,- նշել է Սուքիասյանը:
Նա խոստացել է թարմ լիցքեր բերել հավաքական: Մասնավորապես, ազգային թիմ է հրավիրելու միայն խաղային պրակտիկա ունեցող ու իրենց ակումբների կազմում հանդիպումների մասնակցող ֆուտբոլիստներին. «Հավաքականում պետք է խաղան ազգասեր տղաները: Ներկայիս կազմում կան խաղացողներ, որոնք չեն լինի թիմում, սակայն դեռ անուններ չեմ նշի»:
Սուքիասյանը նաեւ ընդգծել է, որ իրենց կարեւոր առաջադրանքը ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարում լավագույնս մասնակցելն է: Դրա համար էլ նա հենց այսօրվանից անցնելու է իր պարտականությունների կատարմանը: Իսկ գործի մեջ Սուքիասյանին, հավանաբար, կտեսնենք մարտին, երբ ազգային ընտրանին ընկերական հանդիպում անցկացնի:
Մարզիչը հասկանում է, որ չափազանց բարդ ու պատասխանատու աշխատանք է ստանձնել ու քննադատություններից խուսափել չի կարողանա:
«Ես պատրաստ եմ այդ քննադատություններին, բայց ցանկանում եմ, որ երկրպագուներն ու լրագրողները կողքիս լինեն: Իսկ եթե թիմը վատ հանդես գա, անգամ ընտանիքս ինձ կքննադատի»,- ավելացրել է նա:
Սուքիասյանը նաեւ նշել է, որ փորձելու է համատեղել հավաքականի ու «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնները, դժվարություններ առաջանալու դեպքում միայն կվերանայի այդ որոշումը: