Երևանում ընթանում է Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթ, որը կազմակերպել է Հայ ազգային կոնգրեսը:
Երթը մեկնարկել է Ազատության հրապարակից և անցնում է Երևանի կենտրոնական փողոցներով: Մինչև երթն սկսվելը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է, որ ժողովուրդն ու ընդդիմությունն այլ ելք չունեն, քան` պայքարելը: «Իշխանությունները փորձում են հերքել սահմանադրական հանրաքվեի ընթացքում իրենց բոլոր հանցագործությունները», - հայտարարել է Մանուկյանը, հավաստիացնելով, որ ընդդիմությունը կշարունակի պաշտպանել համընդհանուր իրավունքները: Նա նաև հավաստիացրել է, որ «հանցավոր ռեժիմը», միևնույն է, պատասխանատվություն է կրելու: «Մենք միասին կհաղթենք և կկառուցենք մեր երազած Հայաստանը», - հայտարարել է նա:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն, իր հերթին, հայտարարել է, որ միջազգային կառույցներն այս անգամ ավելի զգոն կլինեն սահմանադրական հանրաքվեից հետո Հայաստանում առկա իրավիճակը դիտարկելիս, քանի որ նրանք նույնպես համոզվել են, որ քվեարկության արդյունքները կեղծվել են: «Այս անգամ միջազգային հանրությունն ավելի ուշադիր կհետևի Հայաստանի իրադարձություններիմ, քան նախորդ ընտրություններից հետո», - հավաստիացրել է նա, հավելելով, որ չի կորցնում իշխանափոխության հույսը:
Ընդ որում Հովհաննիսյանը ցնցող հայտարարություն է արել. «Եթե Ազգային անվտանգության ծառայությունը վերծանի Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և այլ իշխանավորների հեռախոսազրույցները, ապա կհամոզվի, որ այդ մարդիկ պետական հեղաշրջում էին նախապատրաստում»: