p bԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/.nbsp;/bՓաշինյանն Ալիևին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները, նախքան Բաքվում COP-29-ի կայացումը, ստորագրեն պայմանագիրը։/pp Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:nbsp;/pp Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ հոկտեմբերի 14-ի հայտարարությանը, թե Հայաստանը հրաժարվել է Բրյուսելյան հարթակում ընթացող բանակցությունները շարունակելուց, Խանդանյանը հիշեցրեց, որ դեռ 2023 թվականին Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել Գրանադայի, ապա նույն թվականի հուլիսի 15-ի և մյուս հանդիպումներից։/pp «Հավելեմ, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարել Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ստանձնած հումանիտար բնույթի մի շարք հանձնառություններ, ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակելու վերաբերյալ»,- նշում է Խանդանյանը։/pp Նրա խոսքով՝ Հայաստանը ոչ թե հրաժարվել, այլ նպատակահարմար չի համարել նոր ֆորմատով հանդիպումը եւ Ադրբեջանին առաջարկել է Մեծ Բրիտանիայում ունենալ երկկողմ հանդիպում, ինչից հրաժարվել է Ադրբեջանը։/pp «Որքան տեղյակ եմ, հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում տեղի ունեցած ոչ ֆորմալ շփումների ժամանակ վարչապետ Փաշինյանը նախագահ Ալիեւին առաջարկել է երկկողմ հանդիպում ունենալ: Ավելի ճիշտ, առաջարկվել է, որ ԱԳ նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա առաջնորդները նախքան Բաքվում COP-29-ի կայացումը ստորագրեն պայմանագիրը: Ես, անկեղծ ասած, Ադրբեջանի արձագանքից տեղյակ չեմ, բայց հույս ունեմ այս տրամաբանությունը հնարավոր կլինի իրագործել»,- եզրափակել է նա։/p