Հյուսիսային Կորեան (Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետություն, ԿԺԴՀ)վաղ առավոտյան պայթացրել է Հարավային Կորեայի հետ կապող ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների որոշ հատվածներ։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի Զինված ուժերի շտաբերի ղեկավարների Միացյալ Կոմիտեն։ Պաշտոնական Սեուլը դատապարտել է այս քայլը, Փհենյանին մեղադրելով Կորեական թերակղզում լարվածությունն ավելացնելու մեջ։
Պայթյունները տեղի են ունեցել հյուսիսկորեական տարածքներում։ Դեմարկացիոն գծից դեպի հարավ նախազգուշական կրակոցներ են արձակել, հարավկորեական զինվորականներ չեն տուժել։
ԿԺԴՀ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ պլանավորում է վերացնել Հարավային Կորեայի հետ ցամաքային ճանապարհները՝ «ամբողջությամբ բաժանվելու» համար։ Փհենյանն այս քայլը որակում է որպես պատասխան Հարավային Կորեայի կողմից հակակառավարական թռուցիկներով ԱԹՍ-ների արձակմանը։ Անօդաչու թռչող սարքերով տարածվող թռուցիկները հասել էին հյուսիսկորեական մայրաքաղաք։ ԿԺԴՀ-ն հայտարարել է, որ ճանապարհների պայթեցման ծրագրերի մասին նախապես հայտնել էին ամերկյան զինվորականներին։
Երկու Կորեաները միմյանց կապող ճանապարհները վերջերս վերակառուցվել էին։ Ֆինանսավորում տրամադրել էր նաև Հարավային Կորեան՝ որպես համագործակցության և երկու երկրների խաղաղ համակեցության նշան։
Հակակառավարական լոզունգներ տարածող ԱԹՍ-ների պատմությունից հետո Հյուսիսային Կորեան սկսել է ամրացնել սահմանների պաշտպանությունը։ Կառավարության ներկայացուցիչները դա ընդունել են որպես ագրեսիվ գործողություն։ Հարավային Կորեան հերքում է ԱԹՍ-ների մասին շրջանառվող լուրերը և Հյուսիսային Կորեային մեղադրում է դեպի իր տարածք աղբով լցված օդապարիկներ ուղարկելու մեջ։
ԿԺԴՀ-ի պաշտոնական գաղափարախոսության վերակառուցման (պերեստրոյկա) մասին կորեագետ Անդրեյ Լանկովի անդրադարձը՝ այստեղ։
The post Կորեան արմատականորեն խզում է ցամաքային կապը հարավի հետ first appeared on Epress.am.