ԲՀԿ. Սահմանադրական հանրաքվեն ընթացել է բարձր մակարդակով
Սահմանադրական հանրաքվեն ընթացել է բարձր մակարդակով՝ բոլոր նորմերին համապատասխան: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության մամուլի քարտուղար Վահան Բաբայանը:
Նա նաև բամբասանք է համարել կեղծիքների և իրավախախտումների մասին ահազանգերը, որոնց մասին նախօրեին հայտնել են ԶԼՄ-ների ներկայացուցիչներչը և բարեփոխումների հակառակորդները: ՙԻսկ եթե ավելի լուրջ մոտենանք, պիտի դիմենք իրավապահ մարմիններին՚,- հայտարարել է նա: Ըստ որում, պատգամավորը նշել է, որ իր համար կարևորը փաստերն են և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրած տվյալները: Այն հարցին, թե արդյոք որևէ կեղծիքի կամ իրավախախտման ականատես է եկել, Բաբայանը բացասական պատասխան է տվել:
Նշենք, որ բոլորովին վերջերս ՙԲարգավաճ Հայաստանը՚ սահմանադրական բարեփոխումների արմատական հակառակորդ էր և նույնիսկ հայտարարում էր այդ բարեփոխումները նախաձեռնած իշխանության փոփոխման անհրաժեշտության մասին, ինչը հանրապետության ղեկավարության և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև առճակատման և մեծ քաղաքականությունից վերջինիս հեռացման պատճառ դարձավ: Դրանից անմիջապես հետո ԲՀԿ-ն կտրուկ փոխեց իր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների նախագծի առնչությամբ և վերջինիս ջատագովը դարձավ:
Հիշեցնենք, որ նախնական արդյունքների համաձայն, սահմանադրական բարեփոխումների օգտին քվեարկել է 825851 ընտրող կամ ընտրողների 63,35 տոկոսը, դեմ` 421600 ընտրող կամ` 32,35 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 53 332 քվեաթերթիկ: Ընդհանուր առմամբ, սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 1 303 466 քաղաքացի, ինչը կազմում է ընտրողների 50.51 տոկոսը: Արձանագրության համաձայն, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 2 567 047, որից 198 230-ը քվեարկել է նույնականացման քարտերով: