ՀԱԿ-ը բոյկոտում է խորհրդարանի նստաշրջանը
ՀԱԿ խմբակցությունն այսօր ԱԺ նիստում հայտարարել է խորհրդարանի նստաշրջանը բոյկոտելու մասին և հեռացել նիստերի դահլիճից:
Մինչ այդ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, դիմելով ՀՀԿ անդամներին, հայտարարել է. «Այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվեի ընթացքում, մենք չենք կարող նստել ձեզ հետ նույն դահլիճում և աշխատել` կարծես թե ոչինչ չի եղել: Դուք կոլեկտիվ բռնության ենթարկեցիք մեր ժողովրդի կամքը տարբեր կեղծիքների, ճնշումների, ընտրակաշառքների ճանապարհով` նենգափոխելով սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները»:
Հիշեցնենք, որ ԿԸՀ նախնական արդյունքների համաձայն, սահմանադրական բարեփոխումների նախագիծն անցել է ձայների 63,35 տոկոսով: Չնայած դրան` ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները քվեարկության և ձայների հաշվարկի ընթացքում հայտարարել են բազմաթիվ խախտումների և կեղծարարության մասին: Այդպիսով, Սահմանադրության նոր փոփոխություններով Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական ձևի: