Դեկտեմբերի 5-7-ը Ոստիկանությունը բացահայտել է ընտրական իրավունքի խախտման 83 դեպք: Այդ մասին նշված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որի նախնական արդյունքների համաձայն, սահմանադրական բարեփոխումների օգտին քվեարկել է 825851 ընտրող կամ ընտրողների 63,35 տոկոսը, դեմ` 421600 ընտրող կամ` 32,35 տոկոսը: Մինչդեռ ընդդիմությունը կարծում է, որ սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները կեղծվել են: «Ոչի» շտաբի ղեկավար, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշել է, որ կեղծիքների ծավալը հասել է 500 հազար ձայնի: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն, իր հերթին, կատարվածը որակել է «պետական դավաճանություն»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ասելով, հանրաքվեի ընթացքում բացահայտվել են, մասնավորապես, քվեաթերթիկների լցոնման, լրագրողների և դիտորդների նկատմամբ ճնշման, երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելու փաստեր: Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի ներկայացուցիչ Լենե Վեթելանդը հայտարարել է, որ ՀՀԿ-ն ուժեղ ճնշում է գործադրել լրագրողների և դիտորդների նկատմամբ:
Նախօրեին սահմանադրական հանրաքվեի ավարտից անմիջապես հետո «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը երթով շարժվել է դեպի ԿԸՀ, սակայն ոստիկանները շրջափակել են շենքը: Ընդդիմությունը ԿԸՀ-ից պահանջել է չեղարկել սահմանադրական հանրաքվեի արդյունքները: