Իրանի 18 բանտերում հարյուրավոր դատապարտյալներ հացադուլ են սկսել ընդդեմ մահապատիժների և ազատազրկման անմարդկային պայմանների։
Երեկ վաղ առավոտյան երկու բանտերում ութ մարդ է կախաղան հանվել։ Haalvsh իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, մահապատժի է ենթարկվել 3 բելուջ և 2 աֆղանցի։ Iran Human Rights-ը հաղորդել է նույն օրը իրականացված մահապատժի ևս 3 դեպքերի մասին։
2024 թվականի փետրվարից ի վեր իրանական բանտերում ամեն երեքշաբթի իրականացվում է «Երեքշաբթիներն ընդդեմ մահապատժի» ակցիան։ Ակցիայի մասնակցիների մի մասը հացադուլ է հայտարարել։ Նրանք պահանջում են չեղարկել մահապատիժն առհասարակ՝ անկախ հանցագործության բնույթից։
2024 թվականի 8 ամիսների ընթացքում Իրանում առնվազն 376 դատապարտյալի կախաղան են բարձրացրել։ Միայն այս ամսվա առաջին 15 օրերի ընթացքում մահապատժի է ենթարկվել 70 մարդ։ Նախագահական ընտրությունների ընթացքում «օրինական սպանություններ» ժամանակովորապես չէին իրականացնում։ Ընտրական պրոցեսների ավարտից հետո դրանց թիվը կտրուկ մեծացել է։
Amnesty International-ի տվյալներով, 2023 թվականին Իրանում առնվազն 853 մահապատիժ է իրականացվել, ինչը աշխարհում բոլոր մահապատիժների մոտ 73 տոկոսն է կազմում։ Դեպքերից 481-ը՝ կեսից ավելին, վերաբերում են թմրանյութերի օգտագործմանը։ 2022-ին թմրանյութ օգտագործելու կամ իրացնելու համար կախաղան էին բարձրացրել 255 դատապարտյալի, այսինքն մեկ տարում այս ցուցանիշն աճել է 89 տոկոսով։ 2021-ին նմանատիպ մեղադրանքներով մահապատժի ենթարկվածների թիվը 132 էր։
Աշխարհագրական դիրքի պատճառով Իրանով անցնում են Աֆղանստանից և Պակիստանից արտահանվող օփիոիդային թմրանյութերի մեծ ծավալներ։ Ցանկացած տեսակի թմրանյութ օգտագործելը կամ իրացնելը երկրում խստորեն պատժվում է։ Մահապատժի վճիռներ մեծամասամբ կայացվում են օփիոիդների՝ հերոյինի կամ մորֆինի շրջանառության համար։
Մահվան առավել հաճախ դատապարտվում են Իրանի ազգային փոքրամասնությունները՝ բելուջները, քրդերը, աֆղաններն ու ազերիները։ Բելուջ համայնքը հիմնականում ապրում է Իրանի հարավարևելյան հատվածում՝ Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանամերձ Սիստան և Բելուջիստան նահանգում։ Այն Իրանի տնտեսապես ամենաանբարենպաստ շրջաններից է։ Համատարած քարքարոտ լեռների ու անապատների պատճառով գյուղատնտեսությամբ զբաղվել գրեթե հնարավոր չէ։
Մահապատժի կարող են ենթարկվել նաև կանայք ու երեխաները։ Կախաղան հանված կանանց կեսից ավելին դատապարտվել է ամուսնու սպանության մեղադրանքով։ Իրանում գործող օրենսդրությունը սպանության հանգամանքների մեջ (ինքնապաշտպանություն, աֆֆեկտ, ոչ դիտավորյալ սպանություն) չի խորանում։ Ամուսնուն սպանած կանայք դատապարտվում են «բնական ձևով փոխհատուցման»՝ մահվան։ Մահապատժից հնարավոր է խուսափել միայն այն պարագայում, եթե սպանվածի հարազատները ներում շնորհեն սպանողին կամ համաձայնեն diya-ին (փող արյան դիմաց)։ Կանանց կախաղան են հանում նաև «Երկրի վրա այլասերվածություն տարածելու» համար։
Երեխաների նկատմամբ մահապատժի վճիռ կարող է կայացվել աղջիկների դեպքում սկսած 9 տարեկանից, տղաների դեպքում՝ 15։
The post Դահիճների գործը շատացել է. բանտարկյալները Իրանում հացադուլ են սկսել first appeared on Epress.am.