Բելառուսցի Մաքսիմ Վայտկյավիչուսը Հայաստանում քաղաքական ապաստան է ստացել։ Միգրացիոնի որոշումը հրապարակվել է հուլիսի 18-ին, նույն օրը նրան ազատ են արձակել։ Հայրենիքում Մաքսիմը մեղադրվում էր դասալքության մեջ, նրան պահանջում էին արտահանձնել։
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը Վայտկյավիչուսին ձերբակալել է փետրվարի 7-ին՝ հայ-վրացական սահմանից։ Մաքսիմը լքել է Բելառուսը 2020 թվականի զանգվածային բողոքի շարժումից հետո․ մինչ այդ մասնակցել է ցույցերին, ձերբակալվել, 15 օր պահվել կալանքի տակ և խոշտանգվել։ Արդեն արտասահմանում նա իմացել է, որ Բելառուսի իրավապահ մարմինները «զինվորական ծառայությունից խուսափելու» հիմքով քրեական գործ են հարուցել իր դեմ և միջպետական հետախուզում հայտարարել։
Հայաստանյան դատարանի որոշմամբ փետրվարի 9-ին Մաքսիմը կալանավորվել է և տեղափոխվել Վանաձորի քրեակատարողական հիմնարկ։ Կալանավորման հիմքում Բելառուսի կողմից հայտարարված միջազգային հետախուզումն էր։ Ապրիլին Հայաստանի Գլխավոր դատախազությունը նաև հանձնման մասին միջնորդություն է ստացել Մինսկից։ Ձերբակալվելուց անմիջապես հետո Վայտկյավիչուսը ապաստանի հայցով դիմել է Հայաստանի ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։ Նրա փաստաբանները պնդում էին՝ նրա դեմ հարուցված քրգործը քաղաքական աստառ ունի, հայրենիքում ընդդիմադիր երիտասարդին անմիջական վտանգ է սպառնում։
Միգրացիոն ծառայությունը, ուսումնասիրելով հայցը, եկել է եզրահանգման, որ քաղաքական հետապնդման ենթարկվելու փաստը արժանահավատ է։ Ապաստան տրամադրելու որոշման մեջ արձանագրվել է, որ կամայական ձերբակալությունները և կալանավորումները Բելառուսում ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների պարբերաբար խախտումներով։
Ապաստան տրամադրելու որոշման հիման վրա Մաքսիմ Վայտկյավիչուսը (4 ամիս անազատության մեջ պահվելուց հետո) հունիսի 18-ի ուշ երեկոյան ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից։ Նրան չեն արտահանձնի։
կոնտեքստ
Տարեսկզբից Հայաստանում Բելառուսի առնվազն 4 քաղաքացու են կալանավորել։ Չորսն էլ մեղադրվում են զինծառայությունից խուսափելու մեջ։ ԱՊՀ տարածքում նրանց նկատմամբ հետախուզում կար հայտարարված։
Յարոսլավ Նովիկովին ձերբակալել էին փետրվարի սկզբին, մյուսներին՝ մարտին։ Հայ-վրացական սահմանից նրանք բերման էին ենթարկվել Նոյեմբերյանի բաժին, կալանավորվել Իջևանում և տեղափոխվել Վանաձորի բանտ։ Բելառուսը արտահանձնման պահանջներ էր ներկայացրել։
Փաստաբան Արայիկ Պապիկյանը, որը ներգրավված էր Նովիկովի գործում, և Անի Չատինյանը, որը ներկայացնում էր Վայտկյավիչուսի շահերը, դատարանում առարկել էին՝ կալանավորման որոշումը Բելառուսում կայացվել է արտադատական, այսինքն ոչ իրավական ընթացակարգով՝ գործով զբաղվող քննիչի միանձնյա որոշմամբ, հետևաբար օրինական հիմք համարվել չի կարող։ Հայաստանյան դատարանն առարկությունը չէր ընդունվել։
Epress.am-ի հետ զրույցում փաստաբանները պատմել էին՝ երիտասարդները փախել են երկրից 2020 թվականի մասսայական ցույցերից հետո։ Վերջին կեղծված ընտրություններից հետո Բելառուսում համաժողովրդական շարժում էր սկսվել՝ երկրի տարբեր քաղաքներում զանգվածային ցույցեր էին և գործադուլներ։ Շարժումը ճնշվեց ուժով։ Կային զոհեր, բազմաթիվ վիրավորներ։ Հարյուրավոր մարդիկ հայտնվեցին ճաղերի հետևում, հազարավորները ձերբակալվեցին և խոշտանգվեցին։
Փողոցային շարժումը ճնշելուց հետո երկրում քաղաքական հետապնդումների նոր ալիք բարձրացավ։ Ընդդիմադիր առաջնորդներից, իրավապաշտպաններից, ակտիվիստներից և ցույցերի մասնակիցներից շատերը ստիպված եղան լքել երկիրը։ Վտարանդության մեջ հայտնվածների նկատմամբ քրեական գործեր էին կարվում ամենատարբեր հոդվածներով։
2023 թվականին Բելառուսում օրենք փոխվեց։ Վտարանդի զորակոչիկների նկատմամբ այժմ միատիպ քրեական գործեր են հարուցվում զինծառայույունից խուսափելու հոդվածով, արագացված ընթացակարգով կալանքի որոշում է կայացվում և հետախուզում հայտարարվում։
Փաստաբանները հղվում էին միջազգային զեկույցներին՝ զանգվածային խոշտանգումներ 2020-ի փողոցային ցույցերին մասնակցածների նկատմամբ, հաշվեհարդարներ, ընդդիմադիրների ապօրինի բանտարկություններ։ Ասում էին՝ բելառուսական բանտերում իրենց պաշտպանյալներին վտանգ է սպառնում։ Յարոսլավ Նովիկովը պատմում էր, որ հայաստանյան իր բանտարկության ընթացքում բելառուս ուժայինները գնացել են իր ծնողների տուն, առաջարկել համոզել իրեն վերադառնալ հայրենիք, խոստացել, որ եթե ինքը հրապարակավ մեղանչի, քրեական հետապնդումը կհանեն։
Միգրացիայի ծառայությունը, հիմնվելով քրեական գործի նյութերի, հարցազրույցների, միջազգային կազմակերպությունների գնահատականների և առաջարկությունների վրա, բավարարել է ապաստանի հայցը արդեն 2 գործերով։ Փախստականի կարգավիճակը պաշտպանության միջոց է համարվում՝ արտահանձնման պահանջները ավտոմատ մերժվում են։ Հայաստանի քաղաքացիություն ստանալու պարտավորություն փախստականները չունեն։
The post Հայաստանը ևս մեկ բելառուսցու է փրկել first appeared on Epress.am.