Ucom ընկերությունը եւ Իմփաքթ Հաբ Երեւանը հայտարարում են համատեղ «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մեկնարկի մասին:
Այս նոր նախաձեռնությունը կաջակցի վաղ փուլի ստարտափ նախագծերին, որոնք տեխնոլոգիան միավորում են բնապահպանական լուծումների հետ՝ նպատակ ունենալով խթանել նորարարությունն ու կայունությունը Հայաստանում:
Ucom-ի վեցամսյա ֆելլոուշիփ ինկուբացիոն ծրագիրը մշակվել է տեխնոլոգիաները բնապահպանական կայունության հետ զուգակցող սկսնակ նախագծերը զարգացնելու եւ հզորացնելու համար։ Ծրագիրը եզակի հարթակ է տրամադրում սկսնակ ձեռնարկատերերին եւ նորարարներին՝ իրենց գաղափարներն ազդեցիկ լուծումների վերածելու համար:
Հինգ թիմ կընտրվի՝ զարգացնելու իրենց գաղափարները: Վերջիններիս նաեւ կտրամադրվի գաղափարի վավերացում եւ կատարելագործում, սեմինարներ, մենտորություն, փորձագետների խորհրդատվական ծառայություններ, Իմփաքթ Հաբ Երեւանի անդամակցություն, ցանցային հնարավորություններ եւ տեսանելիության բարձրացում:
«Իմփաքթ Հաբ Երեւանում մենք հավատում ենք, որ ապագան կանաչ է, այդ պատճառով կանաչ տնտեսությունը մեր կարեւոր ուղղությունն է: Մենք ոգեւորված ենք, որ հնարավորություն ունենք համագործակցել Ucom-ի հետ այս կանաչ ինովացիոն ստարտափների ինկուբացիոն նախագծի շուրջ: Համոզված ենք, որ հայկական ստարտափները հանդես կգան կրեատիվ կանաչ լուծումներով»,- ասել է Իմփաքթ Հաբ Երեւանի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը:
«Մենք շատ գոհ ենք այս համագործակցությունից, քանի որ այն լիովին համահունչ է մեր քաղաքականությանը, որը ենթադրում է կանաչ տեխնոլոգիաներ, մարզային համայնքների աջակցություն եւ նորարարական լուծումներ: Այս ծրագրի միջոցով լիահույս ենք, որ մեր մասնակիցները կկարողանան իրականացնել իրենց գաղափարները եւ դրական ազդեցություն ունենալ համայնքների վրա», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Լավագույն գաղափարը ծրագրի ավարտին կստանա 500 000 դրամ դրամական մրցանակ, որը հնարավորություն կտա խթանել իրենց գործունեությունը եւ առավելագույնի հասցնել վերջիններիս դրական սոցիալական ազդեցությունը:
Հայտերի ընդունման գործընթացը բաց կլինի մինչեւ օգոստոսի 12-ը։ Նախագծի մանրամասները, ինչպես նաեւ մասնակցության հայտը կարելի է գտնել այստեղ։