«Եվրասիական տնտեսական միությունը շարժվում է դեպի ոչ ռոումինգային հեռանկարը, բայց դեռևս տնտեսական և իրավաբանական դժվարություններ կան երկրների միջև: Մասնավորապես, պրոբլեմը կայանում է փոխադարձ հաշվարկներում: Ռոումինգ-ծառայությունների շահութաբերության վրա, ինչպես և առաջ, լուրջ ազդեցություն է թողնում փոխադարձ հաշվարկները դոլարով վարելը, որի նկատմամբ որոշ երկրների ազգային արժույթները թուլացել են»,- ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում այս մասին նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հիշեցնենք, որ Հայաստանում Beeline ընկերությունը դեռ այս տարվա հուլիսին (արձակուրդային սեզոնի գագաթնակետին) 3 «Ռոումինգ փաթեթ» գործարկեց 15 երկրներում` Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Եգիպտոսում, Իսրայելում, Իսպանիայում, Կիպրոսում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Պորտուգալիայում, Թայլանդում, Ֆրանսիայում և Չեխիայում: Ծառայությունը հասանելի է ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային բաժանորդների համար: Այսպես, «Ռոումինգ փաթեթ 50»-ը 4000 դրամ օրական վճարի դիմաց ներառում է 40 րոպե, որը բաժանորդը կարող է օգտագործել մուտքային զանգերի, ինչպես նաև դեպի Հայաստանի բջջային և տեղական ցանցեր կատարվող զանգերի համար։ Այս փաթեթը ներառում է նաև 40 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ: «Ռոումինգ փաթեթ 70»-ը 2100 դրամ օրական վճարի դիմաց ներառում է 15 րոպե, որը կարելի է օգտագործել մուտքային զանգերի, ինչպես նաև դեպի Հայաստանի բջջային և տեղական ցանցեր կատարվող զանգերի համար։ Փաթեթում ներառված է նաև 15 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ: «Ռոումինգ փաթեթ 100»-ը 1500 դրամ օրական վճարի դիմաց ներառում է 15 րոպե մուտքային զանգերի, ինչպես նաև դեպի Հայաստանի բջջային և տեղական ցանցեր կատարվող զանգերի համար: Նշված առաջարկները հաճախորդներին հնարավորություն տվեցին զանգեր կատարել և ստանալ, ինչպես նաև Եվրոպայի և Ասիայի 15 երկրներում օգտվել շարժական ինտերնետից, ընդ որում, գրավիչ գներով:
Նշենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 217 միլիոն: «ՎիմպելԿոմ»-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: